1in.am-ը գրում է.
Թուրքիայում հեռախոսազանգերի գաղտնալսման հետ կապված սկանդալը նոր թափ է ստացել. համացանցում է հայտնվել հեռախոսազրույցի հերթական ձայնագրությունը, որը ենթադրաբար տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի միջև: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս անգամ խոսքը տեղի գործարար Սըթքի Այանից խոշոր չափի կաշառք ստանալու մասին է, ում նախարարների կաբինետն ազատել է հարկ վճարելուց՝ Իրանից եկող նոր նավթամուղի շինարարության համար: Զրուցակիցների կարծիքով՝ ձեռնարկատերը պատրաստ է առաջարկել 10 միլիոն դոլար: Էրդողանը որդուն խորհուրդ է տալիս հրաժարվել այդ գումարից և ավելի շատ պահանջել:
Ձայնագրությունում խոսող անձանց ձայները նման են վարչապետի և նրա որդու ձայներին: Տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքվել և չի հաստատվել: Կառավարության մասնագետները զբաղվում են ձայնագրության ուսումնասիրմամբ:
Առաջին ձայնագրությունը, որը հրապարակվել էր երկուշաբթի, Էրդողանը կեղծ է անվանել՝ խոստանալով պատժել դրա հեղինակներին:



