
Hraparak.am-ը գրում է.
Խոսք ասելուց առաջ տեսնես Մանվելը մտածու՞մ է, որ անցյալ կյանք էլ է ունեցել ու ոչ շատ հեռու կյանք: 2008- ի պայքարին հիշում եմ էսօրվա նման, երբ մեր Նիկոլ Լեվիտանը, ի լուր ժողովրդի իրազեկեց՝ Մանվելն էլ է մեզ հետ, կողքիս կանգնած կնանիքն ասացին՝ ջաններս փշաքաղվեց. արևիդ մեռնենք, Մանվե՜լ… Էդ ո՞նց է պատահել, որ հիմա Մանվել Ազատագրիչն Ուկրաինայի դեպքերի մասին ասում է. «Որ ժողովրդի սրտով է, ուրեմն լավ ա, եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա, մեր մոտը սենց բան չկա, որ մեր մոտ էլ լիներ, մեր մոտ էլ Ուկրաինա կլիներ, էլի»: Գեներալի խոսքից 2008-ի մասով այսպես եմ հասկանում՝ էն վախտ, որ Մանվելն անցել էր ժողովրդի կողմը, ուրեմն դիկտատորի դեմ էր պայքարում: Այլապես ինչու՞ էր անցել, բնական է, որ ժողովրդի սրտով լինի: Սենց էլ բան կլինի՞. Մանվելը երկրորդ անգամ նախագահին կպնում է… Հետո չեմ հասկանում՝ ինչպե՞ս եղավ, որ Մանվելը չդիմացավ, ձեռքերը վեր բարձրացրեց ու ասաց՝ ամա՜ն, չեմ դիմանում, ժողովրդի հերն էլ անիծած: Դե վատ բան չարեց իր համար, հիմա տեղը տեղին, չդզած մասերը դզեց, թե չէ էնպես դառնալու էր Ազատության հրապարակում բողոքի երթ անցկացնող ազատամարտիկներից մեկը: Հիմա, փառք Աստծո, տեղը-տեղին քննադատում է Ազատության հրապարակի ազատամարտիկներին, ճամբարը փոխել ու լագերից հայտնում է՝ ուխա՜յ, Հայաստանում սենց բան չկա: Բայց ինչու՞ չկա, Մանվել՝ ծուռ նստենք դուզ խոսանք: Որ Ուկրաինայում ընդդիմության լիդերներից ասենք Վիտալի Կլիչկոն կամ մեկ ուրիշն անցներ Յանուկովիչի կողմը, Ուկրաինան կհաղթե՞ր… Դու էլ մեր ընդդիմության լիդերներից էիր, ու՞ր ես հիմա… Չասե՞նք՝ 2008-ի Մանվել, ու՞ր ես, ու՞մ դեմ էիր պայքարում… Այնպես է ստացվում, որ 2014- ի Մանվելը կռվում է 2008-ի Մանվելի դեմ… Սա էլ հո Արցախյան պատերազմը չի:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ



