Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում ստեղծվում են վերահսկող մարմիններ, ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց խնդիրը գործադիր իշխանությանը վերահսկելն է, նրա թերությունները, հանցագործությունները բացահայտելը։
Խորհրդարանական վերահսկողությունն արդյունավետ աշխատում է, եթե առկա է օրենսդիրի ու գործադիրի առողջ, բնական հակադրություն, երբ խորհրդարանն է քաղաքական կյանքի հիմնական թատերաբեմը։ Նման պարագաներում՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովները նույնիսկ նեղություն կարող են պատճառել կառավարություններին։
Իսկ այն երկրներում, որոնցում պառլամենտներին վերապահված է դեկորատիվ գործառույթ, նման հանձնաժողովների ստեղծումն ավելի շատ հրապարակավ չհնչեցված նպատակներ է հետապնդում։
Հայաստանն ավելի շուտ դասվում է երկրորդ տիպի երկրների դասին։
Ըստ այդմ՝ անհասկանալի է, թե ինչու իշխանությունն երեք շաբաթ առաջ մերժեց գազային խնդերներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը, իսկ այսօր ինքը ստեղծեց նման հանձնաժողով։
Այս հարցում անհասկանալի է նաև ընդդիմության վարքագիծը։
Օրինակ՝ ՀԱԿ-ը, որ մինչև երեկ պնդում էր, թե գազային հանձնաժողով ստեղծելու իշխանության նախաձեռնությունը ծածկադմփոցի նպատակ ունի, այսօր կողմ քվեարկեց նախաձեռնությանը։
ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց՝ թեև ոչ իշխանական ուժերից առաջինն էր, որ ողջունել էր գազային հարցերով հանձնաժողով ստեղծելու իշխանության մտադրությունը։
Հասարակությունը, բնականաբար, չի հավատալու ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանն, որովհետև այն ձևավորող քաղաքական ուժերի դիրքորոշումներն անկայուն են ու, մեղմ ասած, ոչ սկզբունքային։
Կամ ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀՅԴ նախաձեռնությունը՝ հասկանալի չէ։
Այն պատճառաբանությունը, թե չեն ուզում խանգարել «Ռոսնեֆթի» կեսմիլիարդանոց ներդրումներին, համոզիչ չէ։
Հակառակը, «Նաիրիտի» շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակի չեզոքացումը միայն կօգնի, որ արդյունաբերական երբեմնի հսկան գրավիչ դառնա օտարերկրյա պաշտոնյաների համար։
Անզեն աչքով էլ տեսանելի է, որ «Նաիրիտը» չէ իշխանության ու քաղաքական ուժերի մտահոգության կենտրոնում, այլ այս հարցը սոսկ պատրվակ է քաղաքական հերթական ինտրիգի կամ ստվերային պայմանավորվածության համար։
Այս պարագայում՝ խորհրդարանը վերածվում է մի մարմնի, որտեղ զբաղված են ժամավաճառությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել