ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ պրոցեսներն այդքան էլ նախընտրելի ճանապարհով չեն ընթանում, Եվրամիությունում ակտիվ քննարկման մեջ դրվեցին Արևելյան գործընկերության ծրագրում նոր մոտեցումների, փոփոխությունների հարցը:

Եթե նույնիսկ Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքը տապալում չհամարենք, ապա, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ գրանցված արդյունքը առնվազն հիասթափության հանգեցրեց:

Ստեղծված իրավիճակում, գործելու առանձնապես շատ տաբերակ ԵՄ­-ն չուներ. անհրաժեշտություն առաջացավ մշակել, վերամշակել նոր մարտավարություն, որը հնարավորություն կտար, առկա իրողությունների պայմաններում առաջ շարժվել:

Հասկանալի է, որ գործընթացում առաջընթաց գրանցելը կամ նվազագույնը փակուղում չհայտնվելն առաջին հերթին բխում է ԵՄ շահերից և չնայած այն հանգամանքին, որ դեռևս պաշտոնապես լրամշակված փաստաթղթի մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն առաջիկայում անշուշտ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում` Հայաստանը համագործակցության նոր առաջարկ կստանան` առավել շահավետ պայմաններով:

Այս գործընթացում, բնականաբար, մեզ համար առավել կարևոր է ծրագրի Հայաստանին վերաբերող հատվածը: Արևելյան գործընկերության անդամ երկրներներից Հայաստանը միակն է, որ ոչ միայն հայտարարել է Մաքսային միության միանալու մասին, այլև գտնվում է անդամակցության բավականին ակտիվ փուլում:

Հայտնի է, որ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Հայաստանին հետ քննարկվող փաստաթուղթը` ԵՄ ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը բաղկացած էր երկու բաղադրիչից` քաղաքական և տնտեսական, որի շուրջ բանակցությունները, ի դեպ, ավարտվել էին դեռևս 2013 թվականի ամառը:

ՄՄ-­ին անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությունից հետո` հաշվի առնելով համաձայնագրի տնտեսական բլոկի ու ՄՄ միջև առկա ակնհայտ հակասությունները, Հայաստանն առաջարկեց նախաստորագրել համաձայնագրի միայն քաղաքական բլոկը, սակայն ԵՄ-­ն պատասխանեց, որ քաղաքական ու տնտեսական բլոկերը փոխկապակցված են ու անհնարին է դրանցից միայն մեկի նախաստորագրումը:

Արդեն իսկ հայտնի է, որ 2015 թվականի հունվարից Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու, ամենայն հավանականությամբ, Հայաստանը, որպես հիմնադիր անդամներ, համագործակցությունը շարունակելու են Եվրասիական տնտեսական միության տիրույթում: Սա նշանակում է, որ միության անդամ երկրները, տնտեսական հարցերում, իրականացնելու են կոորդինացված քաղաքականություն: Իսկ սա ենթադրում է, որ տնտեսական խորը համագործակցության դեպքում, Հայաստանը պետք է իր քայլերը համաձայնեցնի միության անդամ երկրների հետ, ինչը ՀՀ­-ԵՄ տնտեսական խորը համագործակցությունը բաղադրիչի ապագան դարձնում է առավել մշուշոտ:

Եթե ԵՄ-ն իսկապես միտք ունի այս ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն ծավալել նաև Հայաստանի հետ, ապա կա’մ պետք է ընդլայնի համաձայնագիրը` ներառելով նաև համագործակցության այլ ոլորտներ, կա’մ բանակցված համաձայնագրից դուրս բերի տնտեսական բաղադրիչը, համագործակցությունը շարունակելով միայն քաղաքական բաղադրիչի մասով` թեկուզև այդ բաղադրիչի լրամշակված տարբերակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել