Եթե ամիսներ առաջ ասեին, որ Ուկրաինան այն միակ պետություն կլինի, որը կսկսի պայքարել հանուն ռուսական իմպերիալիզմից խուսանավելու, ոչ ոք լուրջ չէր ընդունի՝ հաշվի առնելով և՛ էթնիկ կազմը, և՛ ՄՄ-ում ապագա ստանձնելիք դերակատարումը՝ վերջինիս: 
Սակայն եղավ այն, ինչ եղավ: 
Տեղի ունեցան հանրահավաքներ, որում ուկրաինական ընդդիմությունը ընտրեց ՄՄ ալտերնատիվը՝ Եվրամիությունը, որը, իհարկե, Ուկրաինայի պարագայում ավելի նշանակալի դերակատարում կարող էր ունենալ: 
Ի դեպ կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, Ուկրաինան վերջնական ստորագրություն դեռևս չէր ուղարկել Մոսկվա, և միայն նախնական փուլում էր ՄՄ մտնելու գործընթացը: 
Առաջ անցնելով նշենք, որ այս «ազատության» համար մղվող պայքարում շատ է նշվում նացիոնալիստական խմբավորումների կամ ուժերի մեծ ներդրումը Եվրամայդանում, հատկապես խոսքը գնում է «Սվոբոդա» ազգայնական կուսակցության մասին: Սակայն մի կարևոր փաստ մոռացվում է անընդհատ, դա կապված է այդ հանրահավաքները կազմակերպող ուժերի և այն եկամուտների, որոնք ներգրավվում են հանրահավաքներ կազմակերպման մեջ: Ուկրաինական ժողովրդի ամենամեծ սխալը կայանում է նրանում, որ Մաքսային Միության այլընտրանք ընտրվեց Եվրոպական Միությունը, և ոչ ինքնիշխանությունը, չմիացման սկզբունքը:

Այսպես մեկ բան է դաս քաղել և առավել ճիշտ մոտեցում ցույց տալը, իսկ այլ բան է տեղայնացնել այդ Եվրամայդան կոչվածը Հայաստանի Հանրապետությունում: 

Նշենք մի քանի հետաքրքիր փաստ, որոնց առկայությունը անհնար է դարձնում Հայաստանում Եվրամայդանի կայացումը.

• Հայաստանի Հանրապետությունում այսօր ազգայնական ուժերի նպատակը, ոչ թե Եվրոպական միությանը միանալն է այլ ազգային պետականություն ստեղծելը. սա, իհարկե, հենց առաջին բախումն էր առաջացնելու եվրամայդանի կողմնակիցների հետ
• Միակ կարևոր և համոզիչ փաստը, որը կարող էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անմիջապես պայքարի դուրս մղել, դա անձնական ոգևորվածությունն էր լինելու համանման օրինակից Ուկրաինայում և այդ պահին առկա հանրահավաքային քարոզողներն ու ղեկավարողները, որը այս պահին մեծ դեր ունեն քաղաքական ընդդիմության շրջանակներում, սակայն սա ևս կասկածելի էր և Ուկրաինայի օրինակով մի քանի «հաղթած» թեկնածուների անհամաձայնություն էր առաջանալու, որը և տանելու էր այդ ամբողջ «հեղափոխական» տրամադրության անկման:

Ի դեպ, մենք ունեցանք Մաքսային Միության դեմ կոնսոլիդացիայի հետաքրքիր օրինակներ՝ սեպտեմբերի 21-ի երթը, դեկտեմբերի 2-ի երթը, տարբեր կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում կարծես տարբեր հակադիր գաղափարախոսություններ կրող քաղաքական ուժեր համախմբվեցին և դուրս եկան փողոց՝ ՄՄ-ի դեմ: Սակայն ինչպես տեսանք, մի քանի հավաքներով եզրափակվեցինք. պատճառը հետագայի մասին տարբեր պատկերացումներն են:
Այսպիսով, եթե հարց ծագի, թե Եվրամայդանը, որքանով կարող էր տեղայնացվել Հայաստանի Հանրապետությունում և դրանում ազգայնական ուժերը ինչ դերակատարում կունենային, պատասխանը մեկն է. Հայաստանում կարող է և պետք է լինի դիմադրության օջախ, որը կգործի հանուն Ինքնիշխան ու Չինտեգրվող Հայաստանի, և ոչ այս կամ այն միության շահերը կսպասարկի:

Խորեն Գրիգորյան
Ազգագրագետ, Հայազն կուսակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել