Հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններն (Հղում 1) ու դիպուկահար խմբերի ակտիվությունը (Հղում 2) հասարակության շրջանում ակտիվացրեց պատերազմի վերսկսման մասին մտահոգությունները:

Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը սահմանագծին բավականին լարված էր, սակայն և պաշտպանության նախարարը` 2013 թվականին բանակում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփելիս (Հղում 3), և ՀՀ նախագահը` աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում ունեցած խորհրդակցության ժամանակ (Հղում 4) ընդգծեցին, որ նույնիսկ այս պայմաններում պատերազմի հավանականությունը մեծ չէ:

Իրավիճակի վերաբերյալ չուշացավ նաև ռազմական փորձագետների գնահատականները, ովքեր հղում կատարելով պատերազմի նախապատրաստման ու սանձազերծման մասին միջազգային փորձին` նշում էին, որ հիմքեր չկան կարծելու, որ Ադրբեջանի այս գործողությունները ռազմական գործողությունների վերսկսման հիմք են (Հղում 5):

Հասարակության շրջանում առկա երկրորդ մտահոգիչ հանգամանքը` առաջնագծում նման միջադեպերի նվազեցման ու մարդկային կորուստների խնդիրն է: Այս իմաստով, հարցը կարելի է դիտարկել երկու հարթությունում` ներքին և արտաքին:

Արտաքին առումով, ակնկալիքները կապված են նմանատիպ միջադեպերի առնչությամբ միջազգային կառույցների, մասնավորապես, հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ենթադրվում էր, որ միջազգային այն խաղացողները, ովքեր հանդես են գալիս հակամարտության խաղաղ ու երկուստեք ընդունելի պայմաններով կարգավորման օգտին, որպես ճնշում` առավել կոշտ գնահատականներ կհնչեցնեին լարվածություն սանձազերծող կողմի հասցեին:

Սակայն ճնշումների նման դրսևորումը, մեծ առումով, բավարար չէ, այն կարող է առավել առարկայական լինել, եթե դրա արդյունքում հնարավոր լինի Ադրբեջանին ստիպել` ընդունել հրադադարի ամրապնդմանն ուղղված միջնորդների առաջարկը, այն է` շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում և դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերում: Ի տարբերություն Հայաստանի ու Արցախի՝ Ադրբեջանը շարունակում է չընդունել այս առաջարկները` համոզմունք հայտնելով, որ այս առաջարկների կյանքի կոչումը կամրապնդի ստատուս քվոն:

Ներքին առումով, կորուստները նվազագույնին հասցնելու նպատակով, արդեն մի քանի տարի է, մարտական հենակետերում իրականացվում են հակադիվերսիոն և հակադիպուկահար միջոցառումներ, որոնք ենթադրում են մարտական դիրքի համապատասխան կահավորման դեպքում առավելագույնս անվտանգ դարձնել այնտեղ հերթապահություն իրականացնող անձնակազմերի ծառայությունը:

Ե՛վ ներքին, և՛ արտաքին հարթությունում իրականացվող քայլերը ուղղված են սահմանագծում լարվածության լիցքաթափմանը, ինչպես նաև` հայկական կողմի համար գերխնդիր համարվող զինծառայողի անվտանգ ծառայության ապահովմանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել