Ասադի`Ցեղասպանության մասին հիշատակումը արաբագետը բացատրում է Թուրքիայից նեղացած լինելու հանգամանքովPanorama.am-ը գրում է.

«Բաշար ալ Ասադի հայտարարությունը՝ նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ, տվյալ պահին առավելապես հոգեբանական նշանակություն ունի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով France Presse գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում Սիրիայի նախագահի այն հայտարարությունը, թե մեծ շանսեր ունի այս տարի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար` չնայած, որ ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը:


Ըստ արաբագետի՝ «Սիրիական թնջուկի հանգուցալուծմանը նվիրված Շվեյցարիայում կայանալիք միջազգային համաժողովին ընդառաջ, հատկապես հակամարտության սիրիական մասնակիցների միջև դիմակայությունը սրվել է քարոզչական և հոգեբանական հարթություններում: Ալ Ասադի նման հայտարարության բովանդակությունն, ըստ էության, պատասխանն էր հունվարի 17-18-ին «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» գլխավոր ասամբլեայի՝ Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում «Ժնև 2»-ին մասնակցելու հարցում կայացրած որոշման մեկնաբանության՝ թե մեկնում են Ժնև՝ հասնելու Բաշար ալ Ասադի հեռացմանը: Այս համատեքստում, պարզ է նաև սիրիական գործող վարչակարգի տարբեր աստիճանի ներկայացուցիչների հռետորաբանությունը, թե Շվեյցարիայում, որպես առանցքային խնդիր, դրվելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցը»:

Խոսելով Բաշար ալ Ասադի առաջադրման հնարավորությունների մասին՝ Պետրոսյանը պարզաբանեց. «Գործնականում, այսօր խոսելը Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման կամ հնարավոր թեկնածուների առաջադրման և նրանց հնարավորությունների մասին, ժամանակավրեպ է: Առնվազն երկու պատճառ կարող եմ բերել: Նախ, արդեն իսկ ակնհայտ է, որ «Ժնև 2»-ի ընթացքում զարգացվելու են դեռևս 2012 թ. հունիսի 30-ին կայացած «Ժնև 1» միջազգային համաժողովի ընթացքում ամրագրված սկզբունքները, որոնց համաձայն՝ ստեղծվելու է անցումային կառավարման մարմին` օժտված գործադիր իշխանության լիազորություններով: Տրամաբանական է, որ հենց այս մարմնի գործառույթների շրջանակներում է նախատեսվում նաև Սիրիայի կառավարման ապագա մոդելի որոշման, նոր սահմանադրության մշակման և նման բնույթի այլ հարցեր, բնականաբար նաև՝ դրանցով պայմանավորված քվեարկություններնի ու ընտրությունների անցկացման ժամանակային մանրամասներ. չի բացառվում նաև ընդհանրապես երկրի կառավարման ներկա՝ նախագահական ձևից հրաժարման հնարավորությունը: Այս համատեքստում, բնականաբար, արդենիսկ նախագահական ընտրությունների մասին խոսելը տեղին չէ: Մյուս կողմից, Ժնևում հակամարտ կողմերի միջև համաձայնության չկայացման և հետևաբար նաև հիմնախնդրի կարգավորման ծրագրի բացակայության պարագայում, երբ սիրիական իշխանությունները չեն ունենա որևէ միջազգային պարտավորություն և պարտավորված կլինեն գործել՝ համաձայն երկրի օրենսդրության, այսինքն՝ 2014 թ. հունիսին կազմակերպել նախագահական ընտրություններ, կամ առժամանակ հետաձգել դրանց անցկացումը: Իրադարձությունների նման ուղով զարգացման պարագայում, բնականաբար, այդ երկրում առկա իրավիճակի տրամաբանությունն օբյեկտիվ բարդություններ է առաջացնում ընտրական գործընթացների կազմակերպման համար ընդհանրապես, իսկ կայանալու դեպքում դրանք կունենան ընդամենը ձևական բնույթ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել