Lurer.com-ը գրում է.

Հայկ Մարությանը Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջLurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ:

-Վերջերս շատ է խոսվում Ձեր քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ:

-Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:

-Վերջերս լրատվական կայքերով և սոցցանցերով Ձեր մասին բազմաթիվ հրապարակումներ եղան, այդ թվում և բացասական երանգով: Ինչո՞ւ մարդիկ, այդ թվում և Ձեր որոշ գործընկերներ, չարացած են ձեր դեմ:

-Եթե ես ոչինչ չանեի, օրինակ, չմասնակցեի երթուղայինների թանկացման դեմ ակցիային, հավատացեք, որ իմ մասին ոչ մի բացասական հրապարակում չէր լինի: Այդ հրապարակումների մեծ մասը պատվեր է իմ դեմ, և ես դա ուղիղ տեքստով ասել եմ թե պատվեր կատարողներին, թե պատվիրատուներից ոմանց: Կպատվիրեն, կգրեն, չեն գրի Աստված իրենց հետ, բայց որ երբեմն այդ զզվելի արշավին մասնակցում են մարդիկ, որոնց ես ընկեր եմ համարել, ինձ ցավ է պատճառում: Երևի ես էլ պետք է լինեի ինքնասիրահարված, կոպիտ, միայն իմ կյանքով ապրող, որ բոլորին դուր գայի...

-Բայց ժողովուրդը ձեզ սիրում է...

-Ժողովրդի սերը ոչ մի բանի հետ չափելի չէ: Այդ սերը ինձ մղեց՝ թողնել բոլոր գործերս և զբաղվել հասարակական գործունեությամբ:

-Վերջերս կարծես մի կողմ եք քաշվել, չեք մասնակցում ակտիվ հասարակական քննարկումների, հանդես չեք գալիս ելույթներով: Ինչո՞ւ:

-Ես գործի մարդ եմ: Կար գազային խայտառակ համաձայնագրերի դեմ պայքար՝ ես այնտեղ էի իմ ակցիայով: Պարզապես ես ամեն արածի համար աղմուկ չեմ սարքում, ինքնագովազդով չեմ զբաղվում: Ուզում եք տեսնեք իմ հասարակական գործունեությունը խնդրեմ, առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը ժամը 12.00-ին եկեք Քանաքեռի մշակույթի տուն (նախկին կինոյի տուն), այնտեղից կգնանք Հույսի ավան, որտեղ մոտ երկու հարյուր մարդ շաբաթական երկու օր ապահովվում են բարձրորակ սնունդով, և անգամ մթերքի բաշխումը կատարվում է իմ ընտանիքի և հարազատների կողմից: Մենք դա սկսել ենք առանց լուսաբանման, լուռ, մեր ընտանիքի և ընկերոջս՝ Արտակ Գասպարյանի ջանքերով, չենք դարձրել ինքնագովազդվելու միջոց, սակայն այժմ բոլորիդ հրավիրում եմ և լուսաբանելու, և որպես օրինակ մյուսներին հուշելու, որ այսօր երկրում օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր անգամ օրվա սննդի խնդիր ունեն լուծելու, և մենք կոնկրետ գործով փորձում ենք կրճատել այդ մարդկանց թիվը: Չարախոսելու, բամբասելու և պատվերներ տալու փոխարեն թող իրենց ջանքերը ուղղեն օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:

-Հանրությունը Ձեզ կտեսնի՞ նոր հեռուստատեսային նախագծերում:

-Իհարկե կտեսնի, այս պահին մենք բազմաթիվ նախագծերի վրա ենք աշխատում, և առաջիկայում մեր թիմը կվերադառնա նոր ծրագրերով և նոր որակով: Առաջիկայում հանդես կգանք Հայաստանում դեռևս չիրականացված նոր ֆորմատով: Նոր նախագծերից մեկում նկարահանվելու եմ նաև ես անձամբ:

Վարուժան Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել