Tert.am-ը գրում է.

Գազի վարձավճարների բարձրացման հետևանքով Հայաստանում ջերմոցային տնտեսությունները կրճատվում են. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ով սակայն նշեց, թե իրենք ձեռքները ծալած չեն նստել և արդեն այլընտրանքային միջոց են գտել, փորձում են գազից ընդհանրապես չօգտվել՝ այդ կերպ պայքարելով «Հայռուսագազարդի» (արդեն «Գազպրոմ Արմենիա») դեմ։

«Օրինակ՝ դեկտեմբեր ամսին ցանք է կատարվում, որ գարնանը վաճառեն։ Սերմերի վաճառքով հետաքրքրվեցի և տեղեկացա, որ 300 հազար լոլիկի սերմ այս ցանքին պակաս է վաճառվել, իսկ դա նշանակում է, որ 12 հա ջերմատուն չի մշակվել»,- ասաց նա։

Հարցին, թե այսինքն՝ դա գարնանը կբերի լոլիկի գնի թանկացմա՞ն, Պողոս Գևորգյանը պատասխանեց, թե դժվար. «Թուրքիայից ներկված լոլիկի ջանը սաղ լինի»։

«Մենք հույս չունենք այս պետությունից, ոչ էլ «Հայռուսագազարդից», և փնտրում ենք այլընտրանքային համակարգեր, որը 3 անգամ էժան վառելիքի ծախս է։ Հիմա աշխատում ենք գիտնականների հետ, Ռուսաստանից եկել են օգնելու, հայեր են, ովքեր ալտերնատիվ կաթսաներ են առաջարկում։ Գնալու ենք կաթսաները տեսնենք, փորձնական կառուցվել է, հույս ունենք, որ այդ տարբերակը կաշխատի»,– ավելացրեց նա։

Պողոս Գևորգյանը նաև նշեց, որ իրենց նպատակն է հրաժարվել «Գազպրոմ Արմենիայի» գազից։ «Պետք է «Հայռուսգազարդին բանկրոտի հասցնենք, թող ծիծաղեն, բայց մենք նենց ենք անելու, որ փակվեն գնան»,- վստահեցրեց նա։

Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահն ամեն դեպքում հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, թե ի՞նչ կաթսաներ են, ո՞վ է ծրագիրը ֆինանսավորում, քանի որ նշեց, թե ֆինանսավորող կողմը «Հայռուսգազարդից» զգուշանում է։

«Այդ կաթսաների մեջ ամեն ինչ վառվում է և մեծ էներգիա է տալիս, սկսած աղբից, պլաստմասե շշերից և այլն ու էկոլոգիապես էլ ավելի մաքուր է, քան գազը բաց թողնենք օդ»,-ասաց նա։

Պողոս Գևորգյանը պնդեց, թե «Գազպրոմ Արմենիան» վատորակ գազ է մատակարարում՝ գազի հետ օդ է խառնվում, ինչի մասին ինքն արդեն մեկ անգամ բարձրաձայնել է։

«Արձագանքել էին, թե չեն կարող օդ վաճառել, քանի որ օդի դեպքում պայթունավտանգ է դառնում, բայց ֆիզիկների հետ եմ խոսել, իրենք պնդում են, որ հնարավոր է։ Ասացին 1 խմ գազին պետք է 10 խմ օդ ավելացվի, որ այն այրվի, բայց եթե 1 խմ գազի 1 խմ օդ ավելացնես չի այրվի ուղղակի և կարող են այդպես ազատ վաճառել»,- ասաց նա։

Պողոս Գևորգյանը խնդրեց հաշվել, թե ինչ հսկայական գումարի մասին է խոսքը և պնդեց, թե խորհրդային տարիների համեմատ իրենք նույն տարածքը տաքացնելու համար այժմ 30 տոկոս ավելի գազ են ծախսում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել