Ավստրալացի գրող Բրոնի Ուեյրը (1967թ.-ի փետրվարի 15) ստեղծագործում է հիմնականում իր փորձառությունների հիման վրա: «Մահացող մարդու հինգ ափսոսանքները» գիրքը, որը թարգմանվել ու հրատարակվել է աշխարհի 27 լեզուներով, Ուեյրը գրել է մահացող մարդկանց խնամելու ժամանակ, երբ նրանց կյանքի վերջին 3-12 շաբաթներին եղել է նրանց կողքին: Նրա այս գիրքը գրողի հուշերն են մահացող մարդկանց հետ անցկացրած ժամանակից:

Ուեյրը նշում է, որ մարդիկ շատ են աճում ու առավել հասունանում, երբ նրանք դեմ հանդիման են դուրս գալիս սեփական մահկանացու լինելու փաստի հետ` ավելացնելով, որ այդ ընթացքում նա սովորեց, որ երբեք չպետք է թերագնահատել որևէ մեկի հասունանալու կարողությունը: Ուեյրը կիսվել է, որ հիվանդների կողքին լինելով, բազմազան հույզերի ու զգացմունքների ականատես է եղել` մերժում, վախ, բարկություն, զղջում, ավելի շատ մերժում ու վերջապես ընդունում ու համակերպում՝ նշելով, թե հիվանդներից յուրաքանչյուրը հեռանալուց առաջ գտնում էր իր խաղաղությունը:
Երբ նրանց հարցնում էր, թե ինչ զղջումներ ունեն, նրանք հաճախ նույն բանն էին նշում: Ահա այն հինգ հիմնական զղջումները, որոնց մասին նշում էին մահացող մարդիկ:

1. Երանի ինքս ինձ հավատարիմ կյանքով ապրելու քաջություն ունենայի, այլ ոչ թե այն կյանքով, որ ուրիշներն են սպասել ինձանից:


Սա զղջման ամենահաճախ կրկնվող խոսքերն էին: Երբ մարդիկ հասկանում են, որ իրենց կյանքն արդեն ավարտվում է, ու հետ են նայում իրենց անցած կյանքին, տեսնում են, թե որքան երազանքներ այդպես էլ անիրականացած մնացին: Շատ մարդիկ չեն հասել իրենց երազանքների նույնիսկ մի մասին ու, միայն արդեն կյանքից հեռանալով, գիտակցում են, որ այդ ամենը իրենց կատարած ընտրության արդյունքն էր, կամ էլ արդյունքն այն բանի, որ նրանք ժամանակին չեն կատարել իրենց ընտրությունը:

Չափազանց կարևոր է, որ կյանքի ընթացքում երազանքներիդ գոնե մի մասն իրականացնես: Այն պահից, երբ կորցնես առողջությունդ, ամեն ինչի համար արդեն չափազանց ուշ կլինի:  Առողջությունը ազատություն է բերում, ու քչերն են դա գիտակցում, մինչ այն պահը, երբ կորցնում են այն:

2. Երանի այդքան շատ չաշխատեի:


Այս զղջման խոսքերն արտասանել են գրեթե բոլոր տղամարդիկ: Նրանք բաց են թողել իրենց երեխաների մանկությունը ու իրենց ծնողների ընկերակցությունը: Կանայք նույնպես նշում էին այս զղջման մասին, բայց ոչ բոլորը՝ հավանաբար այն պատճառով, որ նրանցից շատերը ավելի տարեց սերնդի ներկայացուցիչներ էին, ու նրանց մեջ քիչ էին ընտանիք կերակրողները:

Բոլոր տղամարդիկ նշել են այն մասին, որ նրանք չափազանց զղջացել են իրենց կյանքի մեծ մասը աշխատանքի վրա ծախսելու համար:

Կյանքի ապրելակերպը ավելի հասարակ դարձնելով ու ամեն քայլին ավելի զգույշ քայլեր կատարելով՝ հնարավոր է ձեռք բերել այն եկամուտը, որը քեզ անհրաժեշտ է: Եվ կյանքում ավելի շատ տեղ ազատելով՝ դու ավելի երջանիկ կզգաս ու ավելի բաց կլինես հնարավորությունների առջև:

3. Երանի արտահայտեի զգացմունքներս:


Շատ մարդիկ իրենց զգացմունքները ճնշում են ու պահում իրենց մեջ, որպեսզի կարողանան խաղաղություն պահպանել մյուսների հետ հարաբերություններում: Արդյունքում նրանք համակերպվում են միջակ գոյատևմանն ու երբեք չեն դառնում այն անձը, ով ընդունակ են դառնալու: Շատերը հիվանդություններ են ձեռք բերում՝ իրենց միջի ամբողջ դառնությունն ու զայրույթը պահելու հետևանքով:
Մենք չենք կարող կառավարել ուրիշների արձագանքն ու ռեակցիան, սակայն, չնայած այն բանի, որ մարդիկ կարող են որոշակի ձևով արձագանքել, երբ փոխես ինքդ քեզ պահելու ձևը` լինելով ավելի անկեղծ, ի վերջո հարաբերությունները կարող են նոր ու ավելի առողջ մակարդակի հասնել: Կամ այդպես, կամ էլ այն կազատի քո կյանքը անառողջ հարաբերություններից: Ինչևէ, երկու դեպքում էլ շահում ես:

4. Երանի ընկերներիս հետ կապը պահպանեի:


Հաճախ նրանք չեն գիտակցում հին ընկերների ամբողջ կարևորությունն ու օգտակարությունը, մինչև այն պահը, երբ նրանք սկսում են գիտակցել, որ արդեն քիչ ժամանակ ունեն ապրելու: Նրանցից շատերն այնքան շատ են տարվում իրենց կյանքով, որ թույլ են տալիս իրենց այդքան թանկ ընկերությունը անհետանա տարիների ընթացքում: Չափազանց շատ է եղել ափսոսանքը ընկերությանը այն ժամանակ ու ջանք չտրամադրելու համար, որին այն իրականում արժանի էր: Մահանալու շեմին բոլորն են կարոտում իրենց ընկերներին:

Թերևս բոլորին է հատուկ այնպիսի զբաղված կյանքը, որի հետևանքով ընկերությունը ժամանակի ընթացքում կորչում է: Սակայն, երբ մահվան ժամը մոտ է, կյանքի ֆիզիկական բոլոր մանրամասները մոռացության են մատնվում ու աննշան թվում: Մարդիկ միշտ էլ ցանկանում են կարգի բերել իրենց ֆինանսական կարողությունները: Սակայն ո՛չ փողը, ո՛չ էլ դիրքը կյանքի վերջին պահերին այլևս ոչ մի կարևորություն կամ արժեք չեն ունենում: Արժևորվում է այն մարդկանց բարօրությունը, ում նրանք սիրում են: Հաճախ, սակայն, նրանք չափազանց հիվանդ ու թույլ են լինում արդեն, որպեսզի կարողանան իրականացնել այն, ինչ ցանկանում են: Վերջում են միայն գիտակցում, որ կյանքում ամենակարևորը մարդկանց սերն ու շփումն է կարևոր եղել, և միայն դա է, որ մնում է ու կարևորվում կյանքի վերջին շաբաթների ընթացքում:

5. Երանի ինքս ինձ թույլ տայի երջանիկ լինել:


Այս զղջման մասին նույնպես շատ են նշում: Մինչև վերջին պահը շատերը չեն գիտակցում, որ երջանկությունը ընտրություն է: Նրանք թաղված են մնում հին սովորությունների մջ: Ամեն ինչի ծանոթ լինելու, այսպես կոչված, «հարմարավետությունն» ամբողջությամբ մտնում է նրանց զգացմունքերի ու ֆիզիկական կյանքի մեջ: Փոփոխության հանդեպ նրանց վախը ստիպում է նրանց ձևացնել ուրիշների ու իրենց մոտ, որ իրենք բավարարված են իրենց կյանքով: Երբ նրանք իրականում ցանկանում են հանգիստ ծիծաղել ու մի փոքր էլ թեթև շնչել ու երեխայություն անել, երբեմն:
Երբ դու մահվան շեմին ես, դու այլևս չես էլ մտածում, թե ինչ են մտածում մարդիկ քո մասին: Որքան հրաշալի է կարողանալ մոռանալ ամեն ինչ ու նորից ժպտալ մահանալուց շատ ավելի առաջ:

Կյանքը ընտրություն է: Սա քո կյանքն է: Ուշադիր եղիր քո ընտրություններում, ընտրիր իմաստությամբ, անկեղծությամբ ու ազնվությամբ: Ընտրիր երջանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել