2014-ի հունվարի 1-ից խոպանչիների համար մի խիստ տհաճ օրենք է ուժի մեջ մտել, որով ի թիվս այլ դրույթների, սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու առումով գործում է հետևյալ դրույթը. ՀՀ քաղաքացին յուրաքանչյուր 180 օրում կարող է անընդմեջ 90 օրով գտնվել ՌԴ-ում, բայց եթե առաջ այդ 90 օրը լրանալուց մի երկու օրով դուրս էին գալիս երկրից ու էլի վերադառնում էին, ապա օրենքը հիմա սահմանում է, որ 90 օրը լրանալուց հետո, քաղաքացին 3 ամիս իրավունք չունի մուտք գործել ՌԴ:
Սա, իրոք, ցավոտ հարված է հազարավոր մեր քաղաքացիների համար, ովքեր իրենց հացի գումարը վաստակում են ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքներ կատարելով, ու բաց հարց է, թե ինչպես են հիմա իրենց ապրուստի միջոցները վաստակելու այդ մարդիկ: Մյուս կողմից էլ, հույս կա, որ այս միջոցները ժամանակավոր են, ու Սոչու Օլիմպիադայից հետո նման սահմանափակումները առնվազն կկորցնեն իրենց պարտադիր բնույթը, բայց դե փաստը մնում է փաստ` սա ևս մեկ ցավոտ հարված է առանց այն էլ բարդ սոցիալական կացության մեջ գտնվող հայ ժողովրդին:



