Google Contact Lenses Are Now Official

Երկու տարի առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ շուտով թողարկվելու են Google-ի սմարթ կոնտակտային ոսպնյակներ: Google-ի ինժեներներից մեկը նախկինում ելույթ էր ունեցել և իր ելույթում քննարկել այդպիսի սարքերի ստեղծմանն առնչվող հարցերը: Այժմ Google-ը պաշտոնապես հայտարարել է սմարթ կոնտակտային ոսպնյակների մասին: Սակայն սա Google Glass-ի կոնտակտային ոսպնյակների տարբերակը չէ: Google-ի կոնտակտային ոսպնյակները բուժական նպատակների են ծառայում: Դրանք շաքարախտով հիվանդների գլյուկոզայի մակարդակը վերահսկողության տակ պահելու գործառույթ ունեն:

Նախագծի համահիմնադիրներ Բրայան Օթիզը և Բաբակ Փարվիզը նշել են.

- Տարիների ընթացքում բազում գիտնականներ ուսումնասիրել են օրգանիզմի տարբեր հեղուկները, օրինակ, արցունքները՝ ջանալով գտնել գլյուկոզայի մակարդակը չափելու հեշտ ձև: Այնուամենայնիվ, դժվար է հավաքել ու ուսումնասիրել արցունքները: Google[x]-ում մենք փորձում էինք պարզել, թե արդյո՞ք մանրակերտ էլեկտրոնիկան` չափազանց փոքր չիփերը և սենսորները ու մարդու մազից էլ բարակ անտենան, կարող են օգնել մեզ ճշգրտորեն չափել արցունքների գլյուկոզայի մակարդակը: Ներկայումս մենք փորձարկում ենք սմարթ կոնտակտային ոսպնյակները, որոնք նախատեսված են արցունքների միջի գլյուկոզայի մակարդակը չափելու համար: Օգտագործվում են փոքրիկ անլար չիփ և գլյուկոզայի մանրակերտ սենսոր, որոնք տեղադրված են կոնտակտային ոսպնյակների երկու շերտերի միջև: Մենք նաև հետազոտում ենք, թե արդյո՞ք այս չիփերի միջոցով հնարավոր է նախազգուշացնել դրանց կրողներին գլյուկոզայի մակարդակի մասին: Լուսարձակող դիոդների լույսերը կարող են վառվել՝ ցույց տալու համար, որ գլյուկոզայի մակարդակը որոշակի շեմից բարձր կամ ցածր է: Այս տեխնոլոգիան դեռևս իր զարգացման նախնական փուլում է, սակայն մենք իրականացրել ենք բազմակի կլինիկական հետազոտություններ, որոնք օգնում են մեզ կատարելագործել այս սարքը: Հուսով ենք, որ մի օր սա կօգնի շաքարախտով հիվանդ մարդկանց:

Google-ի հայտարարության մեջ չէր հիշատակվում Google Glass-ի մասին, սակայն բացառված չէ, որ Google-ի աշխատակիցները արդեն իսկ աշխատում են դրա ստեղծման ուղղությամբ: Փարվիզի ելույթից ակնհայտ է, որ նա կոնտակտային ոսպնյակների հետ կապված շատ լուրջ մտադրություններ ունի:  Նա թվարկում է այն հնարավորությունները, որոնք կարող են ընձեռվել մարդկանց կոնտակտային ոսպնյակների շնորհիվ: Ապագայում ոսպնյակները կարող են շատ ավելի օգտակար լինել: Նա առանձնահատուկ շեշտում է սուպեր տեսողության գաղափարը:

Այս տեխնոլոգիական նորամուծությունը իսկապես աննախադեպ է: Ով գիտի, թե ապագայում է՞լ ինչ զարմանահրաշ հայտնագործություններ կանի Google-ը: Այնուամենայնիվ, պետք չէ շտապել: Ներկայումս Google-ի այս նորամուծությունը փորձարկումների փուլում է, և Google-ի աշխատակազմը խոստովանում է, որ դեռ շատ աշխատանք է պետք կատարել, նախքան հնարավոր կլինի ոսպնյակները վաճառքի հանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել