Նայում եմ ընդդիմադիր հարթակին և ապշում եմ. ընդդիմադիր հարթակին կողք-կողքի կանգնած են քաղաքական այնպիսի ուժերի ներկայացուցիչներ, ովքեր հոգու խորքում, մեկը մյուսին ատում են: Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց «Դաշնակցություն»-ը, հետո Ռոբերտ Քոչարյանը ճնշեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չտվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լիարժեք ընդդիմադիր լիդեր դառնա, ԲՀԿ-ն ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր հարթակը իրենով է անում` թույլ չտալով մյուս ուժերին որևէ հաջողության հասնել: Եվ ինչպե՞ս պետք է այս ուժերը միասին պայքարեն որևէ նպատակի համար: Ակնհայտ է, որ սա արհեստական միավորում է, որը երկար կյանք ունենալ չի կարող: Ցավալին այն է, որ այս քաղաքական ուժերի արհեստական միավորումն ուղղակի հերթական անգամ հիասթափության է բերելու պայքարող քաղաքացուն և եթե փողոց դուրս եկած քաղաքացին որևէ արդար պահանջ ունի` դա էլ է կործանվելու: Ժողովրդին առաջնորդելուց առաջ քաղաքական ուժերը պետք է ազնվություն ունենան և իրերն անվանեն իրենց անուններով, թե չէ ստացվում է, որ քաղաքական հարթակը զբաղեցրած ուժերը ընդամենը ամեն գնով ցանկանում են հասնել իշխանության: Սա է իրականությունը և որևէ մեկը չի կարող այն հերքել: Մեզ նոր ընդդիմադիր հարթակ է պետք` առավել ազնիվ և առավել գաղափարական դեմքերով:



