«Հալեպի արձանագրությունները»` տեղեկություններ 2500 հայկական արձանագրությունների մասինPanorama.am-ը գրում է.

Լույս է տեսել «Հալեպի արձանագրությունները» գիրքը, որը պարունակում է տեղեկություններ 2500 հայկական արձանագրությունների մասին: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող, գրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գաղափարը ծնվել է Հալեպում՝ 2004-ին: 

«Որ գերեզմանոց էի գնում, կարդում էի հանգուցյալների տապանաքարերի անունները, ծննդավայրերի մասին տեղեկությունները: Տեսա, որ Արևմտյան Հայաստանից են եղել շատերը՝ խարբերդցի, այնթափցի… միտք ծագեց հավաքել այդ արձանագրությունները»,- պատմեց սիրիահայը:

2006-ին գրքի հեղինակը եկել է Հայաստան ու անդամագրվել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին և առաջարկել գիրք հրատարակել:

«2007-ից ամեն տարի մեկ ամսով մեկնեցի Հալեպ, երեք տարի անց ավարտեցի ոչ միայն արձանագրությունները լուսանկարելը, այլև հայկական եկեղեցիների, հայկական եկեղեցական իրերի արձանագրությունները, որոնց մեծ մասը հայերն իրենց հետ բերել էին Արևմտյան Հայաստանի գյուղերից, գավառներից»,- ասաց Րաֆֆին:

Սիրիայում պատերազմի բռնկումից մեկ ամիս առաջ գրքի հեղինակը մեկնել է Հալեպ՝ այնտեղի եկեղեցիներն ու տապանաքարերի արձանագրությունների պատմությունն ուսումնասիրելու. «Հասցրեցինք գործն ավարտին հասցնել պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ: Կարելի է ասել՝ Մեծ Հայքի քարտեզի վրայի բոլոր գյուղերը կան Հալեպի գերեզմանատան տապանաքարերի արձանագրություններում»:

Րաֆֆի Քորթոշյանը հավելեց, որ այսօր եկեղեցիներ կան Հալեպում, որ վառել են, ավիրել, շատ արձանագրություններ ոչնչացված են: «Ոչ ոք հիմա չի կարող գնալ Հալեպի գերեզմանոց, չգիտենք անվնաս են, թե՝ ոչ; Կորուստ ունենք, բայց դա կարողանում ենք հաշվառել որոշ չափով միայն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել