Pastinfo.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը:

Այս նպատակով քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի կարգադրությամբ արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի ոչ միայն  վարձակալների ստանձնած պարտավորությունների կատարման ընթքացքն  ու վարձակալած տարածքների արդյունավետ օգտագործումը, այլև  վերանայի այդ տարածքների համար սահմանված վարձավճարները:

Ի դեպ, գաղտնիք չէ, որ երևանյան գետնանցումներում տարածքների վարձակալները հիմնականում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ովքեր այստեղ զբաղվում են մանր ու միջին առևտրով:

Թե ինչ հետևանք կունենա այս հերթական թանկացումն այս մարդկանց բիզնեսի վրա, և քանի հոգի դրա հետևանքով ստիպված կինի հրաժարվել իր աշխատանքից, պարզ կդառնա միայն հերթական թանկացումից հետո:
Իսկ մինչ այդ պարզապես նշենք, որ հունվարի 1-ից գույքահարկի, կամ հողի հարկի բարձրացում տեղի չի ունեցել, ուստի, մեղմ ասած, տարօրինակ է,  թե ինչով կմեկնաբանի քաղաքային իշխանությունը վարձակալած տարածքների դիմաց գների հերթական բարձրացումը, թերևս էլի կհրապարակվի միայն համապատասխան որոշումը կայացնելուց հետո:

Մինչ այդ փաստենք, որ Տարոն Մարգարյանի այս կարգադրությամբ, աշխատանքային խմբին համապատասխան ուսումնասիրության համար մեկամսյա ժամկետ է տրամադրվել, որից հետո նրանք արդեն պետք է ներկայացնեն իրենց վերլուծության արդյունքներն ու առաջարկությունները:

Ի դեպ, աշխատանքային խմբում ներգրավվել են  Երևանի Կենտրոն,  Արաբկիր,  Շենգավիթ, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից մեկական ներկայացուցիչ և քաղաքապետարանի 4 աշխատակից: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել