Ձմեռային սովորական մի առավոտ էր, երբ այդ փոքրիկ հայկական ընտանիքում մայրն արթնացավ երեխայի ծիծաղից, ով արթնացել և խաղ էր անում՝ մահճակալի մեջ պառկած: Առաջին հայացքից սովորական թվացող այդ առավոտյան մեջ ինչ-որ խորհրդավոր բան կար, հոգևոր հանգստություն և խաղաղություն: Կինը նկատեց, որ ամուսինը տանը չէ և մտքում ինքն իրեն բարկանալով ասաց. «Տեսնես՝ ուր է գնացել առավոտ կանուղ, ախր շատ գործեր կան, որ այսօր պիտի ավարտեինք»: Եվ, երբ կինը մտածում էր առօրյա հոգսերի մասին, հանկարծ լսվեցին եկեղեցու զանգակակատան ղողանջները: Այնքա՜ն հնչեղ, այնքա՜ն գեղեցիկ էին դրանք ղողանջում, կարծես թե առաջին անգամ լսելի լինեին, կարծես թե մինչ այդ երբեք այդ ձայնը չէր լսվել: Աստվա՜ծ իմ, - բացականչեց կինը,-ախր այսօր հունվարի վեցն է, այսօր Սուրբ Ծնունդ է: Ահա թե ինչու է ամուսինը առավոտյան շուտ տանից դուրս եկել: Մտքում զղջալով քիչ առաջվա բարկության համար՝ ինքն էլ արագ հագնվեց, հագցրեց երեխային ու դուրս եկան տանից… Շտապելով եկեղեցի՝ կինը ներս մտավ ու տեսավ խորանի առաջ ծկած քահանային: Ներսում շատ տաք էր, և կինը մտածեց. «Աստված իմ, ինչքան վաղ է նա արթնացել, որ վառի տաճարի փոքրիկ վառարանը»: Եկեղեցու լույսերը դեռ մարած էին, միայն Սուրբ Սեղանի մոմերն էին վառվում և փոքրիկ պատուհանից էլ մի փոքր լույս էր թափանցում ներս, որ ընկել էր քահանայի վրա ու տեսանելի էր դարձնում նրան: Այնքան խորհրդավոր էր այդ տեսարանը. նման խորհրդավոր այդ առավոտին: Ձեռքերը դեպի վեր հառնած՝ քահանան աղոթում էր, և իր աղոթներով լցվել էր տաճարը՝ էլ ավելի տպավորիչ դարձնելով մթնոլորտը: Եկեղեցում դեռ հավատացյալներ չկային: Միայն երկուսով էին, ու լուռ էին, միայն մի փոքրիկ շշուկ կար (քահանան էր, որ շշուկով էր աղոթում): Սարսռեց, հուզվեց, աչքերը լցվեցին արցունքով, իսկ հետո սիրտը սկսեց արագ թրթռալ ու լցվել ուրախությամբ: Հուզմունքն ու ուրախությունն այնքան շատ էին, որ չնկատեց էլ, թե ինչպես կանգնեց այն տեղում, ուր միշտ կանգնում էր: Ինքն էլ,՝ երեխային գրկած, ծնկի իջավ ու սկսեց աղոթել… Կամաց-կամաց եկեղեցին լցվեց հավատացյալներով…Նրանցից մեկի ոտքը կպավ տաճարի աթոռներից մեկին՝ խախտելով լռությունը: Դրան նպաստեց նաև վերջինիս դժգոհ արտահայտությունը, թե ինչու լուսերը վառած չեն… Քահանան, վերջացնելով աղոթքը, կանգնեց, կիսաձայն շշնջաց՝ ժամանակն է, վառեց եկեղեցու լույսերն ու գնաց ավանդատուն՝ զգեստավորվելու: Մինչ քահանան պատրաստվում էր Պատարագին, եկեղեցին լցվել էր հավատացյալների հոծ բազմությամբ, բոլորը սրտի թրթիռով սպասում էին մեծ ավետիսին, որ քիչ հետո Սուրբ խորանից պիտի տրվեր նրանց: Պատարագը սկսվեց..երեխան տեսավ և ճանաչեց պատարագչի զգեստներ հագած հորը, ծիծաղեց ու նրա ծիծաղին զուգընթաց, եկեղեցու զանգերի ղողանջի ներքո լսվեց՝ Խորհուրդ մեծ և սքանչելի… Ու տաճարը լցվեց ուրապությամբ ու ցնծությամբ, քանզի Քրիստոս ծնավ և յատնեցավ: Մեզ եւ ձեզ մեծ ավետիս…. Պատարագից հետո բոլորը կարծես նորոգված դուրս եկան եկեղեցուց: Օրվա խորհուրդն ու Տեր հոր քարոզը թափանցել էին հավատացյալների հոգիներից ներս: Փոխված էր և կինը, որ հուզված սպասում էր ամուսնուն: Քահանա-ամուսնուն, ով և հայր է, և հոգևոր հայր: Իսկ այդպիսին լինելը դժվար է և պատասխանատու:

Հ.Գ. Վերջին տողը գուցե ավելորդ կթվա, բայց դա բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե դյուրին է քահանայի գործը՝ մոռանալով, որ քահանան մարդ է, ով ունենալով իր սեփական հոգսերը, մտածում է նաև իր հավատայալների հոգսերի մասին և երբեմն նույնիսկ առավել, քան սեփականի: Նրանից բոլորը նեղանում են և պահանջում, ինչպես կինը այս փոքրիկ պատմության մեջ, հաճախ նրան չեն հասկանում, ինպես հավատացյալը, որ դժգոհեց խավարից.. Եվ բազում այլ խնդիրներ, որոնք ամեն օր շրջապատում են քահանային: Սակայն այդ ամենից հետո նա կարողանում է ամեն կիրակի, թողնելով ներքևում բոլոր հոգսերը, խորան բարձրանալ և պատարագել՝ խաղաղություն մաղթելով բոլորին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել