Թուրքիայի Ազգային մեծ ժողովի` 1937-38 թթ Դերսիմում իրականացված ցեղասպանությունը քննող հատուկ հանձնաժողովը հունիսի 13-ին լսել է ջարդերը վերապրած մարդկանց:

Հանձնաժողովի և Դերսիմի ցեղասպանության վերապրածների հանդիպմանը ներկա է եղել նաև «Դերսիմի կորուսյալ զավակը»` Ասլըհան Քիրամիջյանը, ով իր ողջ կյանքում կրել է Ֆաթմա Յավուզ անունը:

Հայուհին հանձնաժողովին պատմել է ցեղասպանության ժամանակ իր տեսած դեպքերը:

«Մեր գյուղի մոտով հոսող գետի մոտ շարեցին մարդկանց: Նրանց հերթով սպանում էին և նետում գետը: Երևի 4-5 տարեկան կլինեի:

Ինձ փրկեց մեկը, ով վրաս շորի մի կտոր գցեց: Ավելի ուշ ինձ որդեգրեցին և 13 տարեկանում ամուսնացրին 35-ամյա մի տղամարդու հետ: Խորթ մայրս շատ դաժան էր վարվում ինձ հետ: Նա կոտրել էր ձեռքիս մատները, որոնց վրա այդ դաժանության հետքերը մինչ այժմ էլ երևում են»,-նշել է Ասլըհան Քիրամիջյանը:

Հիշեցնենք, որ վերջինս երկար տարիներ ապրել է` կարծելով, թե քուրդ է: Միայն 78 տարեկան հասակում նա իմացել է, որ հայ է և իր իսկական անունն է Ասլըահն Քիրամիջյանը:

Թուրքական մամուլը հայուհու պատմությանն ուշադրություն դարձրեց, երբ վերջինս պաշտոնական ներողություն պահանջեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովից` իր կրած տանջանքերի համար:

Հանձնաժողովին իրենց պատմություններն են պատմել նաև այլ դերսիմցիներ, ովքեր կարողացել են փրկվել 1937-38 թվականների կոտորածից:

Նրանք ներկայացրել են իրենց տեսած զանգվածային սպանությունները, ջարդը, բռնաբարությունները, թալանը, որոնք արել են թուրք զինվորները:

Նրանցից շատերն այս դեպքերի հետևանքով կորցրել են իրենց ազգականներին, անցել դաժանությունների միջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել