Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման հստակ ժամկետ:

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` Սահմանադրական դատարանը սահմանել է 7 տարվա պաշտոնավարում ներկայիս նախագահի համար:


Գյուլը Թուրքիայի նախագահ է դարձել 2007 թվականին և պաշտոնում կմնա մինչ 2014 թվականը, երբ թուրքական պետության կառավարման ձևում փոփոխություններ կլինեն:

Սահմանադրական դատարանը նաև որոշել է, որ Գյուլը կարող է երկրորդ անգամ ընտրվել Թուրքիայի նախագահ: Երկրորդ անգամ ընտրվելու դեպքում, սակայն, Գյուլի կպաշտոնավարի 5 տարի:

Նշենք, որ Թուրքիան համարվում է պառլամենտական երկիր: Թուրքական օրենքներով` վարչապետը, որը ներկայումս զբաղեցնում է Թայիփ Էրդողանը, ավելի կարևոր գործառույթներ է կատարում, քան նախագահը:

Ներկայումս իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի անդամներն են Էրդողանն ու Գյուլը, փորձեր է կատարում Թուրքիան դարձնել նախագահական երկիր, ինչպես նաև հիմնովին փոխել երկրի սահմանադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել