Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղը ներկայացրել է իր նոր գիրքը` «20-րդ դարի մեծագույն առաջանորդը. Մուսթաֆա Քեմալ»-ը:

Բաշբուղը եղել է Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն 2008 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Թուրք գեներալը ներկայումս գտնվում է բանտում: 


Նրան մեղադրանք է ներկայացված հեղաշրջում նախապատրաստելու և կառավարությունը տապալելու փորձերի մեջ: Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Թուրք գեներալն իր գիրքը սկսել է գրել ազատության մեջ և ավարտել է բանտում: Այն առաջիկա օրերին կներկայացվի հանրությանը:

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ` գրքում առանձին հատված է հատկացվել Հայոց ցեղասպանությունը կազմակերպված «Միություն և առաջադիմություն» (Ittihat ve Terakki) կուսակցության պարագլուխների դատավարությանը:

Գրքում առանձնացված է նաև հետևյալ տողը. «Մեր թշնամիները նախ սպաներին են սպանում»:

Թուրքական մամուլն այս արտահայտությանը երկակի իմաստ է տվել` նշելով, որ թուրք գեներալն ակնարկում է, որ ներկայիս իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ պայքար է տանում բանակի դերը երկրի քաղաքական կյանքում թուլացնելու համար:

Հավելենք, որ Թուրքիայի զինված ուժերը համարվում են այդ երկրի աշխարհիկ կառուցվածքի երաշխավորը: Թուրք գեներալները ներկայիս իշխանությանը մեղադրում են կրոնամոլական քաղաքականություն վարելու մեջ:
Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել