Երեկ «Հայկական ուրբաթ» հեռուստաբանավեճի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման կողմնակիցներից և ոչ մեկը չկարողացավ ծանրակշիռ, ճշմարտացի, վստահություն ներշնչող աղբյուրների վկայակոչման, առանց թվացյալ հետևությունների, առանց թեզիսների խառնաշփոթի, առանց «փաստարկման պտույտների» փաստարկել, ապացուցել, թե ինչու ես պետք է իմ՝ չավելացող ու առանց այն էլ նվազ աշխատավարձից տոկոսներ (այն էլ անվանական աշխատավարձի 5 տոկոսը իրական աշխատավարձից, որը սոցիալական նոնսենս է) ուղղեմ իմ ծերությանը, երբ ես կարիք ունեմ ներկայի, բարեկեցիկ երիտասարդության և շատ այլ բաների, որոնք, համոզված եմ, որ այդ համակարգը ներդնողներից շատերը դժվար էլ ունակ լինեն հասկանալու: Ինչո՞ւ է հիսուննանց մարդը, ինձ ստիպելով համոզում, թե իր խելքին փչածը շատ լավն է, երբ դա իրեն չի էլ վերաբերվելու: Եվ, վերջապես, Հակոբ Հակոբյանը չափից շատ անկեղծացավ՝ ասելով, թե չկա կառավարություն, որ կանխատեսի ու դա իրականություն դառնա (միանգամից նշենք, որ չկա նման բան, դա ինչ-ինչ հանգամանքների հիման վրա իր մոտ ձևավորված մտածողություն է ընդամենը), ընդ որում, դա շեշտելով մի քանի անգամ՝ հավանաբար փորձելով դուրս գալ սեփական թեզիսների փաստարկման դեֆիցիտի կարուսելից: Այդ դեպքում, էլ ի՞նչ էիր փորձում համոզել ողջ հաղորդման ընթացքում, անհասկանալի է: Շնորհակալություն, փոքր-ինչ անպատասխանատու անկեղծության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել