ԱԺ հայտարարությունների ժամին

Նոյեմբերյան այս շաբաթը երիտասարդական է: Այն մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային օրով և կամփոփվի Ուսանողների միջազգային տոնով: Տոները` տոներ (դրանց առթիվ այս ընթացքում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ), սակայն խոսենք խնդիրներից: Վերջին տարիներին հսկայական աշխատանք է կատարվել երիտասարդության ոլորտում: Թվարկեմ նպատակային ծրագրերից ընդամենը մի քանիսը, որոնք նաև սոցիալական ուղղվածություն ունեն` մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին, աջակցություն երիտասարդ գիտնականներին, ուսանողական վարկեր, հազարավոր ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում:

Հզորացել են նաև երիտասարդական դաշտն ու ուսանողական ինքնակառավարման մարմինները: Երիտասարդները դարձել են ավելի համախմբված, նրանց ձայնը լսելի է, նաև` թելադրող: Արվածը շոշափելի է, երևացող, սակայն երիտասարդները, էությամբ լինելով մաքսիմալիստ, պահանջատեր, մշտապես նորանոր պահանջներ են առաջադրում: Երիտասարդության նման կեցվածքը բնական է և ինչ-որ տեղ նաև՝ ցանկալի. որքան նա լինի ակտիվ, նպատակասլաց, պայքարող, այնքան կշահի ինքը` երիտասարդությունը, և խոշոր հաշվով՝ պետությունը:

Ցավալի է, սակայն, որ որոշ ուժեր, օգտվելով երիտասարդների իմպուլսիվությունից, խնդիրները բարձրացնելու բնական ակտիվությունից ու մաքսիմալիզմից, փորձում են նրան ծառայեցնել սեփական շահերին: Այդ գործընթացն ակնառու է, ուղղորդողներն էլ պարզ երևում են: Մի′ փորձեք չարաշահել երիտասարդների անկեղծությունն ու ազնիվ ձգտումները, մի′ ուղղորդեք դրանք պետականության, եկեղեցու դեմ. այդ էներգիան պետք է ծախսվի հանուն երկրի զարգացման ու հզորացման։ Երիտասարդական շաբաթը ոչ միայն տոնական միջոցառումների շարք է, այլ նաև իրավիճակի վերլուծություն: Տարբեր խմբերի հետ հանդիպումների ընթացքում բարձրացվում են առկա խնդիրները, որոնք համախմբվում են հետագա լուծման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել