1in.am-ը գրում է.
Հայաստանում ԵՄ կենտրոնը Տեմպուսի ազգային գրասենյակի և մի շարք ուսանողական կազմակերպությունների հետ համատեղ հիմնադրում է ԵՄ շրջանավարտների ցանց` միավորելու Տեմպուս և Էրազմուս Մունդուս, ինչպես նաև եվրոպական կրթական այլ ծրագրերի մասնակիցներին: Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն նշեց, որ ցանցի ստեղծման նպատակն է խրախուսել եվրոպական կրթական ծրագրերը` Եվրոպայում ուսանած ուսանողների դրական փորձի միջոցով:
«Մաքսային միությանն անդամակցումն այս երկրի ինքնիշխան որոշումն է, այդուհանդերձ, ԵՄ-ն մնալու է այստեղ և աշխատելու է: Մենք տեղյակ ենք ձեր եվրոպական ձգտումներից, բոլոր այդ ձգտումներում ԵՄ-ն պատրաստ է ձեզ աջակցել: Համագործակցելու և Եվրոպային Հայաստանը մերձեցնելու ամենաարդյունավետ, ես կասեի՝ նաև էժան տարբերակը կրթությունն է: Երբ դուք գալիս եք ԵՄ՝ կրթություն ստանալու, վերադառնալով Հայաստան՝ դառնում եք ԵՄ դեսպան ձեր երկրներում»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ կրթությունը եղել և կլինի ԱլԳ հետ համագործակցության շրջանակներում կարևորագույն ոլորտներից մեկը, դա կարող է լինել՝ ինչպես Բոլոնյան գործընթացի շրջանակներում համագործակցություն կառավարության և բուհերի հետ, նույնպես որևէ բուհի վարչական հատվածի համաներդաշնակեցումը եվրոպական իրավիճակին:
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը նշեց, որ միջին մասնագիտական կրթության հարցում ևս շարունակելու են համագործակցությունը: Նա ցանկություն հայտնեց, որ ԵՄ-ում ուսանելով՝ հայ երիտասարդները վերադառնան Հայաստան, իրենց ներդրումն ունենան Հայաստանի, ինչպես նաև՝ Եվրոպայի զարգացման գործում: