1in.am-ը գրում է.

Այսօր Արևելյան Եվրոպայում ավարտվել են դարեսկզբից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունները՝ Steadfast Jazz: Զորավարժանքներն անցկացվել են Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ ավելի քան 6000 զինվորականների, 350 զրահապատ մեքենաների, 13 նավերի և ավելի քան 50 ինքնաթիռների ու ուղղաթիռների մասնակցությամբ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ զորավարժությունների բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են, և մանևրումները ղեկավարող՝ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի Միավորված խմբավորման Բրյունսյումի (Նիդերլանդներ) շտաբին կշնորհվի սերտիֆիկատ՝ դաշինքի Արձագանքման ուժերի հրամանատարության համար:

Մեկնաբանելով զորավարժանքների ընթացքը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ այդ մանևրումներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ:

«Մենք արել ենք այն, ինչ պետք է անեն զինվորականները՝ մարզվել ենք և փորձարկել ենք մեր հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք դաշինքի՝ միմյանց հետ համատեղ գործելու կարողությունը»,- ասել է Ռասմուսենը և չի բացառել, որ ապագայում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են համատեղ ռազմական մանևրումներ անցկացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել