Երեկ Ուղևորափոխադրողների միության ներկայացուցիչները վերջնագիր են ներկայացրել քաղաքապետարանին, որ եթե առաջիկա 3 օրերի ընթացքում տրանսպորտի գնի հարցը չլուծվի, իրենք բոյկոտ կսկսեն ու կդադարեն ծառայություններ մատուցել բնակչությանը, որովհետև իրենց վիճակն անելանելի է դարձել և էլ չեն կարողանում իրենց վարկերը սպասարկել: Միության նախագահը նշել է, որ իրենց արդեն 5 տարի է խոսք են տալիս, որ հարցը կլուծվի և ուղեվարձի գինը կբարձրացվի, բայց ոչինչ չի արվում: Նախ, անդրադառնանք այս թատրոնի աբսուրդային կողմերին:
Հայտնի դեպքերի ժամանակ հրապարակվեց և լայնորեն տարածվեց «գծերի» ցանկը, և դրանց զգալի մասի տերերի անունները հայտնի են ու վստահ եմ, որ անգամ ուղևորափոխադրումների միությունում չեն հավատում, որ հանրությունը կհավատա, որ մի պարագայում, երբ նույն քաղաքապետարանում կա առնվազն երկու խոշոր գծատեր, քաղաքապետարանը սկզբունքորեն տրամադրված է պայքարելու թանկացման դեմ: Սա ուղղակի ֆիկցիա է, որպեսզի քաղաքապետարանն էլ հայտարարի, որ իրենք նախազգուշացնում էին, որ 100 դրամով աշխատելն անհնար է, ձեռնատու չէ, ոչ ոք չի ուզենա, և որ իրենք ստիպված են ընդառաջել գծատերերին ու թանկացնեն, թե չէ վերջիններս չեն աշխատի:
Մյուս աբսուրդային միտքը, որ հնչել էր, այն է, որ գծատերերը արդեն 5 տարի է պայքարում են ուղեվարձի թանկացման դեմ ու վնասներով են աշխատում: Մի՞թե մոռացել են, որ ամիսներ առաջ, երբ հայտարարվեց թանկացման մասին, որպես պատճառաբանություն բերվում էր ճգնաժամը ու մեքենաների սպասարկման համար անհրաժեշտ ապրանքների ու մասերի գնաճը: Ու հիմա դատեք ինքներդ. մի՞թե դրանց գները 5 տարի առաջ էին աճել, այն էլ այնքան, որ ուղեվարձի պարագայում 50-100 տոկոսով գնաճի հանգեցնեն:
Առհասարակ, գծատերերի անհագ ագահությունը հուշում է, որ հետագայում նրանց ախորժակների ու ամբիցիաների պատճառով հնարավոր տհաճություններից խուսափելու համար գոյություն ունի մեկ փորձված ու արդյունավետ լուծում՝ ոլորտի պետականացում: Ասել է թե` չեք կարողանում աշխատել, մի աշխատեք, լիցենզիաները հանձնեք հետ և թող պետությունը, իսկ այս դեպքում՝ քաղաքապետարանը, իրականացնի ուղևորափոխադրումները և այդ ժամանակ կտեսնենք, թե այդ ինչ վնասներ էիք կրում:
Իրականում, բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի վնասի մասին էլ խոսք լինել չի կարող, եթե ինչ-որ բան էլ կրճատվել է, ապա դա գծատերերի գերշահույթի չափն է ու առավելագույնը, որ կարող է եղած լինել այն է, որ նրանք սկսել են ստանալ բիզնեսից այնպիսի եկամուտ, որը քաղաքակիրթ երկրներում նորմալ է համարվում՝ 15-20 տոկոս: Այլ կերպ լինել չի էլ կարող, որովհետև ցանկացած անգամ սիրողական հաշվարկը ցույց է տալիս, որ գիծ ունենալը խիստ եկամտաբեր գործ է: Չէ՞ որ գծատերը գրեթե ոչ մի ծախս չունի. վարորդները պլան են հանձնում, վարորդներն իրենք են իրենց աշխատավարձը ձևավորում, վարորդներն իրենք են հոգում մեքենայի վառելիքի ու մասերի ծախսերը, իսկ գծատերը ընդամենը մի շարք հարկեր է տալիս` այն էլ ֆիկտիվ թվերի հիման վրա, այն էլ նայած գծատեր:
Ակնհայտ է, որ եթե մունիցիպալ տրանսպորտը պետականացվի, ապա միայն դրանից հսկայական եկամուտներ կգոյանան, որոնք կգնան ոչ թե տարբեր չինովնիկ-գծատերերի գրպանները, այլև կգնան պետբյուջե: Կասկածից վեր է, որ ցանկացած նման լուր իսկական խուճապ կառաջացնի նույն այն գծատերերի մոտ, ովքեր այսօր գանգատվում են, թե վնասներ են կրում իրենց բիզնեսում, որովհետև մի բան է խոսել ասուլիսների ժամանակ և բեմականացված ներկայացումներ անել, և լրիվ այլ բան է` գրպանումդ շոշափել ամեն մեքենայից օրական գանձվող ու չվարկվող 15-20 հազարական դրամների հաճելի շղարշը: Այնպես որ, բա՛վ է, պարոնա՛յք, կաˊմ վերջ դրեք այս ֆարսին, կաˊմ էլ պատրաստ եղեք, որ հանրությունը կբարձրացնի ձեզ բոլորիդ ձեր «վնասաբեր ու սնկացնող» բիզնեսից ձերբազատելու հարցը:



