Հետևելով Արարատում երեկ կայացած ԲՀԿ-ՀՀԿ հանրահավաքային շոուներին` նորից հիշեցի, թե ինչ զզվանք էի ապրում խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հատկապես այս երկու կուսակցությունների պահվածքից, որը ներծծված էր ստով, ցինիզմով ու կոռումպացվածությամբ:
Մի կողմից ՀՀԿ-ն` ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ամպագորգոռ հայտարարություններ էր անում ու խոստումներ տալիս, մեկ էլ նախազգուշացնում, որ կեղծ խոստումների չհավատան և դա անում էր այնպես, ասես նույն ՀՀԿ-ն չէ` արդեն տարիներ շարունակ Արարատի մարզի ու ողջ Հայաստանի հերն անիծում:
Մյուս կողմից ԲՀԿ-ն էր` ի դեմս Ծառուկյանի, «ժողովրդի հետ, ժողովրդի համար» արդեն հնացած երգը երգում ու կոչ անում` չերկնչել ու չտրվել վախին:
Զավեշտալի է, այդպես չէ՞: Նույն մեդալի երկու հակառակակ կողմերը լրջով մրցակցում են միմյանց հետ, իսկ ժողովրդին այն աստիճան չքավորության են հասցրել, որ ժողովուրդը ասես չի էլ հասկանում, որ իրականում ոչ ՀՀԿ-ի թեկնածուի ընտրության հարցում է որևէ լավ բան լինելու իրենց, ոչ էլ ԲՀԿ-ի:
Ավելի ճիշտ, շատերը հասկանում են` դրա համար էլ ուզում են մինչև ընտրությունները մարդա գոնե մի բան պոկեն իրենց համար:
Ու իզուր էր այդպես նեղանում Նաիրա Զոհրաբյանը՝ իմանալով, որ Հովիկ Աբրհամյանը կոչ է արել չհավատալ սուտ խոստումների, որովհետև թող Զոհրաբյանը հիշեցնի, թե ԲՀԿ-ն խորհրդարան մտնելուց հետո իր խոստումներից քանի՞սն է կատարել, կամ գոնե հիշեցնի, թե քանի՞ դեպք է եղել, երբ իրենց խմբակցությունը լրջով հակադրվել է ՀՀԿ-ին: Այնպես որ, ճիշտ է Հովիկ Աբրահամյանը, երբ ասում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հավասարապես կիսում են հաջողությունների (մենակ թե չմանրամասնեց, թե էդ ինչ հաջողության մասին է խոսքը) և անհաջողությունների (այ էս մեկից ինչքան ուզեք կա) պատասխանատվությունը:
Հ.Գ. Ի դեպ, տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Ծառուկյանը մոտեցող մարդկանց ընտրությունից հետո փող ու աշխատանք խոստանում: Ոչ թե ինչ-որ տրիբունից հնչած խոստումների մասին է խոսքը, որը ուղղված չէր լինի կոնկրետ ինչ-որ մեկի, այլ միտինգից հետո իրեն մոտեցող մարդկանց: Հիմա դա ընտրակաշառք չէ՞...



