Lragir.am-ը գրում է.
Տարոն Մարգարյանը գտել է Երեւանի տրանսպորտի ուղեվարձի դեմ քաղաքացիական հնարավոր պայքարի մոդելը՝ մարդասպանության սպառնալիք: Այդ սպառնալիքը հնչեցրել են նրա գծատեր գործընկերները, որոնք ասուլիսի ընթացքում պահանջել են թանկացում, հակառակ դեպքում սպառնալով, թե չեն կարողանա 100 դրամով պատրաստվել ձմռանն, ու դա կբերի ուղեւորների համար վտանգի:
Երբ Հայաստանի քաղաքացին ձմռանը չի կարողանում պատրաստվել, չի կարողանում ապահովել իր ասենք մանկահասակ երեխաների համար բավարար ջերմություն ու սնունդ, նա ասուլիս չի տալիս, նրան ասուլիսի որեւէ սրահ չի տրամադրվում, նրա մասին չի հիշում մի խումբ լրագրողների հետ փակ հանդիպում անցկացնող Սերժ Սարգսյանը, որ հայտարարում է, թե տրանսպորտը պետք է թանկանա:
Երբ այդ քաղաքացին չկարողանալով պատրաստվել ձմռանն իր երեխային տաքացնելուն, հագցնելուն ու սնելուն՝ որովհետեւ փող չունի, որովհետեւ 100 դրամը իր համար մեծագույն փող է, գնա ու սպանի որեւէ գծատիրոջ եւ նրա փողերով անցկացնի ձմեռը, նրան եթե ոստիկանությունն ու գծատերերը չսպանեն, ապա շատ երկար տարիներ կփակեն բանտում:
Շարքային քաղաքացին իրավունք չունի ձմռան համար փող չունենալու պատճառով մարդ սպանել: Այլ են գծատերերը: Նրանք շարքային քաղաքացի չեն եւ կարող են ասել, որ եթե ձմռանը մենք փող չունենանք, մարդ ենք սպանելու:
Իսկ նրանք հենց դա էլ հայտարարում են: Ու կսպանեն: Պետք չի կասկածել, որովհետեւ նրանց այդ իրավունքը տրված է: Ավելին, նրանց պետություն սպանելու իրավունքն է տված, ինչն էլ կատարվում է տարիներ շարունակ:
Տարոն Մարգարյանը գտել է հասարակությանը շանտաժելու ձեւը: Տրանսպորտ չունենալու շանտաժը չէր անցնում, հասարակությունը հաստատակամ է իր պայքարում: Հիմա նա մտածել է, կամ նրան հուշել են, որ գուցե մարդասպանության սպառնալիքն անցնի: Հավանաբար արդեն տեղն ու ժամն են որոշում, թե որ երթուղու վրա եւ քաղաքի որ հատվածում պետք է տեղի ունենա սպանությունը:
Իրավական երկրում, նման մամուլի ասուլիսից հետո գծատերերին հավանաբար պետք է առնվազն հրավիրեին ոստիկանության բաժին եւ հարցեր ուղղեին, պարզելու համար վտանգի հավանական մեծությունը, իսկ հետո ձեռնարկվեին կանխարգելիչ միջոցառումներ:
Իրավիճակը շատ հստակ է: Արդյոք պետությունը գծատերերի առաջ պարտավորություն է ստանձնել, որ բարձրացնելու է ուղեվարձը 2013-14 թվականի ձմռանը: Եթե այո, ապա ինչ կերպ է ստանձնել այդ պարտավորությունը՝ բանավոր, թե գրավոր: Ո՞վ է ստանձնել, ինչի՞ հիման վրա է ստանձնել:
Եթե ոչ ոք այդպիսի պարտավորություն չի ստանձնել, ապա բոլոր այն գծատերերը, որոնք մեքենաները պատշաճ կերպով չեն կարողանալու ապահովել ձմռան համար, պետք է զրկվեն երթուղին շահագործելու լիցենզիայից, եւ քաղաքապետարանը պետք է իր վրա վերցնի երթուղիներն սպասարկելու գործը: Եթե գտնում են քաղաքի տոն նշելու 200 միլիոն դրամ, կամ մեկ դալանը մեկուկես միլիոն դրամով ներկելու, մեկ նստարանը 400 դոլարով «տնկելու» փողեր, ուրեմն կարող են նաեւ գտնել երթուղիները պատշաճ սպասարկելու փողերը: Եթե փողոցային ավտոկայանատեղիներից գանձված փողի 70 տոկոսը տալիս են Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընկերությանը, ապա դրա փոխարեն թող փողը պահեն քաղաքապետարանին եւ դրանով ապահովեն ձմեռային տրանսպորտի աշխատանքը:
Եթե դա չեն անում, կամ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, կամ հրավիրվի ոստիկանության բաժին բացատրություն տալու, թե ինչու քաղաքապետարանը համարժեք քայլեր չի ձեռնարկում երթուղիների անվտանգության համար, այլ հարցը դարձնում է գծատերերի տնտեսական շահերը բավարարելու հարցում քաղաքացիների հանդեպ շանտաժի ու սաբոտաժի միջոց:
Հակառակ դեպքում, ոստիկանությունը եւս դառնում է Հայաստանի քաղաքացիների հանդեպ հայտարարված եւ նախապատրաստվող սպանության մասնակից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ