Aravot.am-ը գրում է.
Բելառուսի կառավարությունը երկրում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամը և տնտեսական համակարգի տապալումը կապում է Մաքսային միությանն անդամակցելու հետ: «Ամեն ինչում մեղավոր է Մաքսային միությունը»,-այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել «Նեզավիսիմայա գազետայում»: Հոդվածում Բելառուսի առաջին փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հանդես է եկել հետևյալ քննադատությամբ. «Մաքսային միության օրենսդրական դաշտի անկատարության և համընդհանուր տնտեսական տարածքի բազմաթիվ բացառությունների գոյության պարագայում մենք ունենում ենք բազմաթիվ ծախսեր, և հաճախ մեր դիրքերը զիջում շուկայում»: Նա մատնանշել է ՌԴ-ի կառավարության այն որոշումը, որով փաստացի փակվել է ռուսական շուկան բելառուսական գյուղատնտեսական ապրանքների համար: Իհարկե, փոխվարչապետն իր անկեղծ դիտարկումներում չի հասել նրան, որ կտրականապես մերժի Մաքսային միությունը, բայց նաև կարծիք է հայտնել, որ դեռ սխալն ուղղել հնարավոր է արտադրության և Մաքսային միության տարածքում արտադրանքի իրացման համընդհանուր կանոնների մշակման դեպքում: Հետաքրքիր է, որ խնդիրների լուծման մի ճանապարհ էլ Սեմաշենկոն համարում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը: Փոխվարչապետը հայտարարել է, որ իրենք նույնիսկ այս տարվա ընթացքում չեն կարողացել ապահովել նախատեսված 8.5 տոկոս տնտեսական աճը: Aravot.am-ը «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեց`վերոնշյալ վտանգները մեզ սպառնո՞ւմ են Մաքսային միության անդամակցելու պարագայում: Պարոն Թևանյանը պատասխանեց. «Վտանգները հիմա գնահատելը դժվար է, քանի որ ոչ ընդհանուր համաձայնագիր կա, ոչ էլ մտած ենք Մաքսային միության մեջ: Բայց կա Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի որոշումը. իրենց է պետք այդ հարցերն ուղղել»: Մեր հստակեցնող հարցին` փաստորեն Մաքսային միության անդամակցելու որոշումը միայն Սերժ Սարգսյանինն ու Տիգրան Սարգսյանի՞նն էր, պարոն Թևանյանը այսպես արձագանքեց. «Սա Սերժ Սարգսյանի անձնական որոշումն էր: Հայաստանում կարծում եմ պաշտոնական շրջանակներում որևէ մեկը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում Մաքսային միությունում: Կոնկրետ ասել չեմ կարող, թե Բելառուսն ինչ խնդիրներ է դրել իր առաջ ու ինչի առաջ է կանգնել, բայց, ընդհանուր առմամբ, որ քաղաքական որոշում է կայացվել, գնահատականները քաղաքական պիտի լինեն, ամեն հարցերի պատասխանները պիտի տան գործող իշխանությունները»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



