Hetq.am-ը գրում է.
Մհեր Ենոքյան, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, 18-րդ տարին «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից ցմահ բանտարկյալ
Oրերս Սավոնական համալսարանի դասախոսներն այցելեցին «Նուբարաշենի» կլոր գերեզմանոց, որտեղ ես ցմահների բաժնում առանձին հատկացված սենյակում հանձնեցի քննություն «Տրամաբանություն» առարկայից, նաև ստուգարք՝ «Պետության և իրավունքի տեսությունից»: Վերջին առարկայի շուրջ տրամաբանելը շատ հետաքրքիր էր: Հենց սկզբում, երբ ցանկանում էի տալ «պետություն» հասկացության ձևակեպումը, դասախոսը ընդհատեց՝ ասելով. «Նման մոտեցմամբ է ստրկամտություն սերմանվում ժողովրդի մեջ»:
Անկախ նրանից, որ շուտով կդառնամ 38 տարեկան, 16-18 տարեկան ուսանողի պես հուզված էի, քանի որ սովորել եմ մտքերս առանց շտապելու գրի առնել՝ խցում, սեղանի մոտ նստած, մի գավաթ սուրճ ընպելով, սովորել եմ զրուցել չհակաճառող, խոսքս չընդհատող գրքերի հետ, իսկ բանավոր քննությունն այլ բան է: Ու քանի որ կրթությունս ռուսական է, մասնագիտական գրականությունն էլ հիմնականում ռուսերեն է, կփորձեմ թարգմանելով ներկայացնել՝ ինչն էր խնդիրը:
ՌԴ դասագրքերում գրեթե բոլոր հեղինակները «պետություն» հասկացության ձևակերպման մեջ նշում են, որ այն սոցիալական ինստիտուտ է կամ հասարակության քաղաքական կազմավորում, որտեղ իրականցվում էիշխանություն ժողովրդի նկատմամբ: Այո՛, համամիտ եմ դասախոսների հետ, որ ստրկամտություն սերմանող ձևակերպում է, սակայն հարց է առաջանում՝ միգուցե նման մոտեցումը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Կա՞ արդյոք մոլորակի վրա մի երկիր, որը կարելի է իրապես դեմոկրատական համարել: Եթե նույնիսկ արդա՛ր ընտրությունների արդյունքում է հանրապետության նախագահ ընտրվում կամ ԱԺ ձևավորվում, դեռ չի նշանակում, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Պետությունն առանց հասարակության չի կարող գոյություն ունենալ, իսկ հասարակությունն ինքնին կարո՞ղ է…
Սլավոնական համալսարանի դասախոսն առաջարկեց, որ մի կողմ դնելով դասագրքային ձևակերպումներն՝ ասեմ, թե իմ պատկերացումներով ինչ է պետությունը: Ինչքանով, որ հասկացել եմ մինչ օրս համապարփակ և միևնույն ժամանակ հստակ ձևակերպում դեռ չկա:
Ըստ իս, պետությունը յուրօրինակ և ունիվերսալ համակարգ է, որտեղ 2 գործիքների միջոցով՝ պետականօրենքների և կրոնի, կարգավորելով հասարակական հարաբերությունները՝ իրականացվում է իշխանություն: Այլ հարց է՝ ում կողմից և ինչ նպատակներով: Դասական մոտեցմամբ, պետությունն ունի 3 բաղադրիչ. տարածք, բնակչություն և իշխանություն: Կան նաև պետության առաջացման տարբեր տեսություններ:
Պետության առաջացման «ԱԳԱՀՈՒԹՅԱՆ»տեսությունը
Առաջ եմ քաշում «ԱԳԱՀՈՒԹՅԱՆ» տեսությունը և պնդում, որ պետությունների առաջացման, զարգացման և ներկայումս գոյատևման ոչ միակ, բայց ամենակարևոր հանգամանքը «ԱՊՐԱՆՔ» հասկացությունն է, որ ներխուժելով մարդկային կյանք՝ խլեց մարդկանց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Լենինն իր ժամանակ ասում էր. «Քանի կա պետություն, չի կարող լինել ազատություն»: Համոզված չեմ, թե նա ինչ իմաստ է դրել այս նախադասության մեջ, բայց ցանկանում եմ ընթերցողի հետ կիսել պարապմունքներիս ժամանակ արթնացած մտքերս:
«ԱՊՐԱՆՔ-ՍԵՔՍ- ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ահա այն բանաձևը, որի միջոցով առաջացել, զարգացել և գոյատևում է «պետություն» կոչված և հասարակության համար անհրաժեշտ դարձած «հրեշը»:
Ուղիղ համեմատական կապ եմ տեսնում հազարամյակների ընթացքում պետությունների զարգացման և արտադրվող ապրանքների տեսականու, քանակի աճի մեջ: Փաստ է այն, որ զարգացած կոչվող երկրներում ծնելիության մակարդակը շատ ցածր է /բացառություն է Չինաստանը, դա է պատճառը, այնտեղ պետությունը քայլեր է ձեռարկում սեքսուալ հարաբերությունները կարգավորելու նպատակով/: Հետամնաց երկրներում հակառակ տեսարանն է, զարգացող երկրներում ցուցանիշը միջին է:
Զարգացած երկրների խանութներում կան բազմատեսակ ապրանքներ, և մարդիկ էլ, աշխատելով բավական գումար, կարողանում են ապահովել իրենց բարձր կենսամակարդակը: Թվում է՝ տղամարդն ու կինը, ունենալով բավարար ռեսուրսներ ապահովելու իրենց երեխաների բարեկեցիկ կյանքը, չպետք է խուսափեն երեխաներ ունենալ, սակայն փաստ է՝ որքան շատ են ապրանքներն, այնքան քիչ են երեխաները: Ապրանքները փոխարինում են երեխաներին…
Իսկ հազարամյակներ առաջ մարդը սեփական ձեռքերով էր սարքում իր կացարանը, հետո ստանում էր անհրաժեշտ սնունդ, սեքս էր անում և երջանիկ ապրում: Սակայն կային մարդիկ, ովքեր ուզում էին առանց աշխատելու սեքս անել ու երջանիկ լինել: Սրանք սկսեցին շահագործել աշխատողներին: Բնության մեջ մակաբույծները, որպես կանոն, շատ ագահ են լինում: Տրամաբանական է. չեն կարողանում հագենալ ո՛չ ուտելուց, ո՛չ սեքսից, ո՛չ շատ ապրանքներ ունենալուց, այն պարզ պատճառով, որ արժեքը չգիտեն, իրենց քրտինքով չեն վաստակել, սեքսից էլ չեն բավարարվում, քանի որ Սեր չկա սրտերում և հոգիներում: Մակաբույծները սկսեցին մտածել՝ ինչ միջոցներով ստիպեն աշխատող մարդկանց ավելի շատ աշխատել: Ուժի միջոցով էին ստրկացնում, բայց դա ելք չէր, ներքին ցանկություն էր պետք առաջացնել:
Ապրանքը՝ հաճույքի աղբյուր
Ցանկությունից դեպի կախվածություն ճանապարհը շատ կարճ է: Ստրկացած մարդկանց ուղեղները բթանում են, և պատճառհետևանքային կապերն այլևս լավ չեն ընկալում,ւ նրանց թվում է, թե իշխողների հզորությունը շատ ապրանքներ ունենալու մեջ է: Խղճուկ հոգիները կախվածություն են ձեռք բերում ապրանքներից: Հարստանալը դառնում է նպատակ, իսկ ապրանքը՝ հաճույքի աղբյուր: Այլևս չեմ ցանկանում շարունակել, քանի որ օրերս տեսա, թե ինչպես ԱԺ-ում, «Ագահության» տեսության համաձայն, խլեցին գործազուրկների 18.000 դրամը և մինչև 200 տոկոսով բարձրացրեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանավձերը: Չեն հագենում ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ…
Դիկտատոր Մուսոլինին ասում էր. «Ժողովուրդը նման է կնոջ, ով սիրում է ուժեղ տիրակալի»: Սակայն ուժեղ լինել նրա համար միգուցե հավասար էր բռնաբարե՞լ սեփական ժողովրդին: Մինչդեռ ուժեղ լինել, ըստ իս, նշանակում է վստահ լինել սեփական ուժերին թշնամու հնարավոր հարձակման դեպքում:
Եթե հայոց Արքա Տիգրան Մեծն իմանար, որ Հայաստանն այսօր մի կետ է դարձել կապույտ գնդի վրա, իսկ իշխանավորներն էլ հույսը «Մեծ եղբոր» վրա են դրել /եթե իմանար, որ նման պետություն կա հյուսիսում/, հաստատ շուռ կգար հողի տակ, իսկ հոգին դառը արցունքներ կթափեր երկնքից…
Ժամանակները փոխվում են, պատմությունը՝ հաճախ կրկնվում: Բանական մարդու բնական պահանջն է ճանաչել շրջապատող աշխարհը: Դրա համար էլ գործիքներ է ստեղծում ուսումնասիրելու բնությունը, ստեղծում է նաև արվեստ, որպեսզի չմոռանանք հոգու մասին:
Մինչև պետության առաջացումը մարդկանց հասարակությունը նման էր միաբջիջ էակի, իսկ այժմ պետության «օրգանիզմը» այնքան բարդ է, որ մի օրգան, առանց մեկը մյուսի, չի կարող գոյատևել, իսկ երբ հիվանդանում է անբուժելի հիվանդությամբ, մետաստազները տարածվում են չարիքի պես: Արվեստի մարդիկ, ովքեր սեր ունեն իրենց հոգում, առանց վախի բարձրաձայնում են ախտերի մասին, իսկ փոքր ու մեծ գահ-աթոռիկներին բազմածները փոխարենը ժողովրդի վիճակը լավացնելու, բարձր գոռացողներին, ախտերը, հիվանդությունների պատճառները ցույց տվողներնին պարույրսևակյան ճակատագրի են փորձում արժանացնել: Մնում է հուսալ, որ Հայաստանում բազմաբջիջ կենդանու գլուխը չի ուտի սեփական մարմինը նույն «Ագահության» տեսության համաձայն:
Հ.Գ. Ցանկանում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ հայտնել մարդկանց, ովքեր վերջերս Մաշտոցի պուրակում դարձյալ արվեստի ուժով ներկայացրեցին մեր երկրում ևս մի ցավոտ հարց՝ ցմահ բանտարկության տևողության խնդիրը: 22 տարվա ընթացքում ես երկրորդ անգամ տեսա, որ ցմահ դատապարտման խնդիրները հանրությանը մտահոգում են, որ մարդիկ կարող են համախմբվել, մեզ առհասարակ չճանաչող քաղաքացիներ կարող են մենաներկայացում խաղալ՝ «Ինչքա՞ն է տևում ցմահ ազատազրկումը» թեմայով, հեղինակային երգեր երգել, խոսել դատական սխալների հավանականությունից, 1990-ականների մութ դատավարություններից, մեկ վկայով մարդկանց մահապատժի դատապարտելուց…Իսկ նույն թեմայով առաջին աննախադեպ ակցիան եղավ անցյալ տարի՝ նոյեմբերի 29-ին, երբ իմ հեղինակած «Ես զրուցում եմ քեզ հետ , մարդ» գրքի հիման վրա իմ սիրելի դերասաններ Կարինե Ջանջուղազյանն ու Վարդան Պետրոսյանը (ռեժիսոր՝ Տիգրան Խզմալյան) բեմ բարձրացրեցին «Մհերի դուռը» բեմական ընթերցումը… նոյեմբերի 29-ը իմ մահապատժի դատավճռի (1996 թիվ), իսկ 16 տարի անց՝ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելուս, «Մհերի դուռը» բեմական ընթերցման օրն է, օր, որը չեմ մոռանա երբեք, օր, որից սկսվեց պայքար դեպի ցմահ ազատություն, օր, երբ եռապատկվեց հավատս Ողջերի հանդեպ…
Նորից ու նորից եմ բարձրաձայնում՝ ցմահականների 104 հոգանոց կազմը միատարր չէ: Անդրադարձ կատարեք այն տղաների ճակատագրերին, ովքեր ցմահ զրկվել են ազատությունից, երեխաներ ունենալու հնարավորությունից, երիտասարդ տարիքում առաջին դատվածությամբ հայտնվելով այս կլոր գերեզմանոցում, որտեղից հիմա ես եմ Ձեզ գրում…
Ամբողջ սրտով բարին եմ ցանկանում մարդկանց…