Այսօր առավոտվանից Հայաստանում թիվ մեկ քննարկվող թեման վերջին 19-20 տարիների ընթացքում աննախադեպ մասշտաբային հոսանքազրկումն էր, որի արդյունքում առանց էլեկտրականության մնաց երկրի բնակչության մոտ 70 տոկոսը. լույս չկար Երևանում և Հայաստանի խոշոր քաղաքներում, կանգնել էր մետրոպոլիտենը, չէին աշխատում լուսաֆորները: Ճիշտ է, այս 8-9 ժամերի ընթացքում որոշ տեղերում հաջողվեց վերականգնել էլեկտրականությունը, բայց շատ տեղեր դեռ չեն կարող պարծենալ դրանում: Եղածը միանգամից խուճապային տրամադրություններ առաջացրեց բնակչության մոտ, իսկ Էներգետիկայի նախարարությունից հնչող բացատրություններն ասես էլ ավելի մեծ շփոթմունք են մտցնում իրավիճակի մոտ:
Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ հոսանքազրկումը պայմանավորված է ռելեային պաշտպանության համակարգի գործարկմամբ (ՌՀՊ), որի պատճառով Հայաստանի էլեկտրոցանցը մեկուսացել է Իրանից, բայց սա շատ քիչ բան է հուշում ու միայն էլ ավելի շատ հարցեր է առաջացնում մարդկանց մոտ: Մասնավորապես, տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ մինչև հիմա պատկան մարմինները չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ եղավ ՌՀՊ-ի գործարկում, ի՞նչ կապ ունի Իրանից մեկուսանալը մեր տների էլեկտրականության հետ, առավել ևս, երբ հայտնի է, որ մենք ենք Իրանին հոսանքով մատակարարում և ոչ հակառակը, դեռ որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի վերջնականապես վերականգնվեն վթարի հետևանքները և այսպես շարունակ:
Պատճառներն ըստ երևույթին շատ ավելի տրիվիալ են: Ցանկացած մարդակերտ բան ունի պիտանելիության ժամկետ և որոշակի ռեսուրս, որը սպառելու դեպքում, այն այլևս դառնում է անպիտան, կամ էլ խափանվում է և էներգետիկ ենթակառուցվածքն այս առումով բնավ էլ բացառություն չէ: Ի վերջո, 22 տարի առաջ, երբ մենք անկախացանք, ԽՍՀՄ-ից ի դիվս այլ բաների, մեզ մնացին նաև տարբեր ենթակառուցվածքներ, այդ թվում նաև էներգետիկը և ինչպես այլ ոլորտներում, այստեղ ևս ոչ մի էաական նորարարություններ չարվեցին այս ընթացքում: Ավելին, մեծ հաշվով, մենք արդեն 22 տարի է շահագործում ենք հին ենթակառուցվածքը, առանց որևէ լուրջ թարմացումների, դե իսկ ենթակառուցվածքը հավերժ չէ ու սպառում է իր պիտանելիության ռեսուրսը, դրա համար էլ պարբբերաբար խափանումներ են լինում:
Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ենթակառուցվածքի ռեսուրս ասվածի մեջ մտնում են ոչ միայն սարքավորումները, մալուխները, բաշխիչ կայանները և այլ անկենդան բաներ, այլև այդ ամենը շահագործելու համար կոմպետենտ մասնագիտական կադրեր: Այս առումով ևս պարծենալու տեղ չունենք, որովհետև ոլորտը տարեցտարի զրկվում է հին և բանիմաց մասնագետներից, իսկ նրանց տեղը գրավում են անփորձ, իսկ հաճախ նաև իրենց պաշտոնական դիրքում անգրագետ մարդիկ: Ասել է թե, սպառվում է անգամ մարդկային ռեսուրսը, իսկ այս պրոցեսսների դեմն առնելու ոչ մի լուրջ փորձ չի արվում, այդ իսկ պատճառով էլ, մարդիկ ժամերով տարակուսում են, թե ի՞նչ եղավ և չստանալով ադեկվատ պատասխաններ, սկսում են իրենց ենթադրություններն անելն ու այլոց ենթադրություններին հավատալը:
Մյուս կողմից, կա նաև շատ ավելի լուրջ ու ահազանգղ կողմ. պատերազմական վիճակում գտնվող պետությունում փաստորեն ռազմավարական նշանակություն ունեցող համակարգերից մեկից գլուխ չան կարողանում հանել: Բե եթե վաղը պատերազմ լինի ու էլի նման բան լինի... Փաստորեն, 1994 թվականից ի վեր ժողովուրդի մեծամասնությունն իր մաշկի վրա զգաց որ մեր էներգետիկ անվտանգությունն ամենևին էլ երաշխավորված չէ, իսկ ոլորտում մեծածավալ բարեփոխումներ պետք է սկսել օր առաջ:



