Թուրքիան տարիներ շարունակ փորձում է մտնել ԵՄ կազմի մեջ, սակայն վերջինիս կողմից անընդհատ ձգձգվում է այս գործընթացը: ԵՄ, բավականին լավ գնահատելով սպասվելիք վիճակը, մի շարք խնդիրներ է առաջադրում Թուրքիային: Այս խնդիրները պետք է հենարան հանդիսանային, որ Թուրքիան կամովին հրաժարվեր ԵՄ մտնելու ցանկությունից: Սա շարունակվեց մինչև 2013 թվականի հուլիս ամիսը, երբ Գերմանիայի ֆինանսների նախարար Wolfgang Schaeuble-ն հայտարարեց, որ Թուրքիան Եվրոպայի մաս չի կազմում` նկատի ունենալով այն 79 միլլիոն թուրքերին, ովքեր Թուրքիայի` ԵՄ կազմի մեջ մտնելուց հետո ազատորեն «կհոշոտեին» Եվրոպան:
ԵՄ-ից հուսալքված` Թուրքիան վերջին շրջանում սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Մաքսային Միության նկատմամբ: ԱՊՀ վերջին համագումարի ժամանակ խոսվեց նաև Մաքսային Միության վերաբերյալ, որտեղ, հատկանշական է, որ, եթե Թուրքիան ՄՄ-ին անդամակցելու վերջնական հայտ տա, ապա վերջինիս դեմ կրկին կօգտագործեն այն նույն սահմանափակումներն ու բարեփոխումների փաթեթները, որը կիրառում է ԵՄ մինչև այսօր: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այս հանգամանքը գրեթե զրոյի է հասցնում Թուրքիայի հնարավոր միացումը Մաքսային Միությանը:
Դիտարկելով Արևելքի և Արևմուտքի քաղաքական շահերը` հստակ է մի բան, որ երկու կողմերին էլ միջանկյալ հզոր Թուրքիա պետք չէ: Ուստի վերջինիս պետք է ամեն կերպ թուլացնել և դիվիդենտներ շահել:



