1in.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած աղջնակը՝ Տաթևը, դեռևս հիվանդանոցում է, վիրաբուժական բաժանմունքում, և նրան առաջին անգամ վիրահատել են երեկ՝«Առաջին լրատվական»-ին այսօր տեղեկացրեց աղջկա քեռին` Արսեն Հայրապետյանը: 

«Ես ուզում եմ ասել, որ Տաթևին ընդամենը մեկ անգամ են վիրահատել, և դա եղել է երեկ: Երեկ ամբողջ օրը նարկոզի տակ է եղել: Այս պահին երեխան պառկած է, գիտակից վիճակում է, բայց առնվազն 6 ամիս պետք է, որ ապաքինվի»,- ասաց նա:

Քեռու խոսքով՝ երեկ վիրահատել են աղջկա ոտքը, երկաթ են դրել մեջը, և դեռ հայտնի չէ՝ երեխան նորմալ կքայլի, թե ոչ: 

Արսեն Հայրապետյանի փոխանցմամբ՝ հիվանդանոցից դուրս են գրվել նաև Տաթևի հայրը և հորեղբայրը: «Նրանք դեռ ցավեր ունեն, դեղերով, ցավազրկողներով տանջվում են մարդիկ»:

Ինչ վերաբերում է Վարդան Պետրոսյանին, ապա նրա վիճակն արդեն լավ է, և առաջիկա օրերին նրան դուրս կգրեն «Էրեբունի» բժշկական կենտրոնից: 

Հիշեցնենք, որ այս ողբերգական վթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին, Եղվարդ-Երևան ճանապարհին: Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի մեքենան հարվածել էր «Նիվային», որի մեջ 6 հոգի էին եղել: Նրանցից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը մահացել էին: ՃՏՊ-ի փաստով հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել