Tert.am-ը գրում է.

“ԳԱՆՁԱՍԱՐ”-“ԱՐԱՐԱՏ” 27 խաղ, +14=2-11, 38:32
2 նոյեմբերի, ժ.15:00, Կապան, “Գանձասար” մարզադաշտ

Առաջնության 2 առաջատարների մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: “Արարատը” 5 միավորով գերազանցում է “Գանձասարին” և այդ առավելությունը պահպանելու համար պետք է առնվազն չպարտվի Կապանում: Իսկ “Գանձասարն” առաջատարից միավորների տարբերությունը կրճատելու համար անպայման պետք է այս խաղում հաղթի, ինչն այնքան էլ դյուրին խնդիր չէ, քանի որ “Արարատն” այսօր ամենահուսալի պաշտպանությունն ունի. թիմն ընդամենը 4 գոլ է բաց թողել, իսկ վերջին 5 հանդիպումներում մրցակիցներին չի հաջողվել գտնել Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասի բանալին:

Ճիշտ է, մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ “Գանձասարն” էլ ներկայումս առաջնության ամենաարդյունավետ թիմն է, որը 10 հանդիպումներում 23 գոլ է խփել, իսկ գանձասարցիներ Արտակ Դաշյանն ու Նարեկ Բեգլարյանը լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարներն են:

Արարատցիներին այս խաղում իրոք դժվարին փորձություն է սպասում նաև հաշվի առնելով այն հոգնատանջ ճանապարհը, որ նրանց հարկ է եղել հաղթահարել Կապան հասնելու համար: Մինչդեռ “Գանձասարն” առաջնության նախորդ 2 հանդիպումներն անցկացրել է սեփական հարկի տակ ու հանգիստ պայմաններում է նախապատրաստվել առաջատարի հետ կարևոր մրցախաղին:

Առաջնության նախորդ տուրում “Գանձասարը” սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց երկրի չեմպիոն “Շիրակին”, իսկ ահա արարատցիներին չհաջողվեց շարունակել հաղթարշավը` գոլազուրկ ոչ-ոքի խաղալով “Բանանցի” հետ:

Օգոստոսի 31-ին մրցակիցների միջև կայացած առաջին շրջանի խաղում “Արարատը” հաղթեց 3:2 հաշվով: Նորայր Գրիգորյանի և Ալեքսանդր Ռակիչի խփած գոլերի շնորհիվ “Արարատը” 2:0 հաշվով շահեց առաջին խաղակեսը: Ընդմիջումից հետո Դեյան Վուկոմանովիչը կրճատեց հաշիվը, սակայն Ռակիչը 3-րդ գոլը խփեց, որին խաղավերջում գոլով պատասխանեց Նարեկ Բեգլարյանը: Ի դեպ, Նորայր Գրիգորյանի խփած գնդակը բարձրագույն խմբում “Արարատի” հոբելյանական` 1000-րդ գոլն էր:

Մրցակիցների մրցավեճում սեփական դաշտի գործոնը մեծ դեր է խաղացել: Կապանում գանձասարցիները տոնել են 8 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 3 պարտություն: “Արարատը” սեփական հարկի տակ 8 անգամ հաղթել է “Գանձասարին”, կրել է 6 պարտություն: Առաջին հաղթանակը Կապանում “Արարատը” տոնել է 2006թ. օգոստոսի 24-ին` մրցակցին պարտության մատնելով 3:1 հաշվով: Իսկ ահա “Գանձասարին” միայն 2008թ. հուլիսի 2-ին է հաջողվել անդրանիկ հաղթանակը տոնել հյուրընկալվելիս: Թիմին հաղթանակ է պարգևել Գագա Թբիլաշվիլու խփած միակ գնդակը: Իսկ մինչ այդ արարատցիների հարկի տակ անցկացված 4 հանդիպումներում էլ գանձասարցիները պարտվել էին: Ընդ որում 2007թ. սեպտեմբերի 29-ին կայացած խաղն աչքի է ընկել գոլերի առատությամբ: Գրանցվել է 9 գոլ, որից 5-ի հեղինակն արարատցիներն էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել