ԽՍՀՄ-ը համարվում էր պլանավորված տնտեսության պետություն: Այդպիսին էր համակարգը, այդպիսին էր այն գաղափարախոսությունը, որը դավանում էր մեր ծննդավայր երկիրը: ԽՍՀՄ-ը փլուզելով՝ մենք մղվեցինք դեպի ազատականացումը, ազատ շուկայական հարաբերությունենրը... Ու դա մեր ձեռքբերումն էր՝ իր բազմաթիվ ձախողումներով և այլանդակություններով;
Ազատականությունը մեթոդ է, բայց ոչ երբեք գաղափարախոսություն: Ու Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծող ռոմանտիկները, որոնցից շատերը հետագայում լրացրեցին տականքների շարքերը, չհասկացան, որ թեզիսներով կամ տնտեսագիտական բառարաններից քաղված եզրերով պետություն չեն ստեղծում:
Պետությունը միայն տնտեսությունը չէ...
Պետության կարևոր բաղադրիչներից մեկը նրա արտաքին քաղաքականությունն է, որի հիմնագիծը դոկտրինն է, ծրագիրը, գաղափարախոսությունը...
Մեզ շրջապատող ամեն մի երկիր ունի իր արտաքին քաղաքականության դոկտրինն ու ծրագիրը: Մինչդեռ մենք չունենք:
Ցեղասպանության ճանաչումը չի կարող համարվել արտաքին քաղաքականության դոկտրին ու ծրագիր:
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ևս արտաքին քաղաքականության գերծրագիրն ու գերխնդիրը չէ...
Իսկ ո՞րն է մեր ծրագիրը, ո՞րն է ծրագրային պետության մեր տեսլականը...
Այն չունենք:
Չունենք, որովհետև, ըստ էության, չունենք Ազգային ժողով, որը պիտի մշակեր գաղափարախոսություն, քննարկեր, դրա համար ստեղծեր իրավական հենարաններ:
Չունենք, որովհետև, ըստ էության, չունենք հստակ արտահայտված արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն:
Չունենք, որովհետև պետության փոխարեն՝ պոտյոմկինյան գյուղ ենք ստեղծել, որտեղ կարելի է ազատորեն աճպարարություններ անել, թալանել ու հարստանալ...
Ուրիշ բան պետք չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել