Tert.am-ը գրում է.
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Tert.am –ի հետ զրույցում մանրամասնել է իր հայտարարած հեղափոխության շարժառիթները, դրա ժամկետները:
«Հիմա, եթե հասարակության մեջ կլինեն բավարար թվով մարդիկ, որոնք կգտնեն, որ հեղափոխությունն է միակ ճանապարհը ու իրենք պատրաստ են դուրս գալ փողոց՝ ընդհուպ մեռնելու , այդ դեպքում ընթացքը ցույց կտա»,- ասում է Շանթ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ մի օր որոշեցիք հեղափոխություն անել:
- Ես հեղափոխության կոչով հանդես չեմ եկել, ես հայտարարել եմ, որ դուրս եմ եկել հեղափոխության: Ես կոչ ոչ մեկին չեմ անում, ես մտածում եմ՝ այնպիսին է երկրի վիճակը, որ միայն հեղափոխությունը կարող է նորմալացնել երկիրը ու ով այդպես կարծում է, ինքն էլ կարող է դուրս գալ հեղափոխության: Իսկ մյուս մասը հարցի, որ ասում եք՝ ինչու, ոնց, ե՞րբ որոշեցի…
- Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա:
- Դա հիմա չեմ որոշել: Երկու տարի առաջ եմ որոշել, 2011 թվին «Երկիր մեդիա»-ով հայտարարել եմ, որ 2013–ին Հայաստանում կանենք հեղափոխություն և իմ որոշումն էլ կատարում եմ:
- Պարոն Հարությունյան, ի՞նչ երաշխիքներ ունեք, որ Ձեզ կհաջողվի անել այն, ինչը չհաջողվեց նախորդներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին:
- Իմ երաշխիքը նրանում չէ, որ կհաջողվի, թե չէ, իմ երաշխիքը նրանում է, որ միակ ճանապարհը սա է, ու ես եթե ուզում եմ իմ խղճի հետ հաշտ լինել, իմ հայրենիքի առաջ ինձ ճիշտ պահած լինել, իմ երկրի արժանապատվության համար, ի վերջո,պատրաստ եմ գնալ այդ հեղափոխությանը ու թեկուզ մեռնեմ: Չնայած, կարծում եմ, որ հաղթելու համար ռեալ շանսեր կա ու իրականացնելու այն իդեալները, որոնց համար պատրաստ եմ մեռնելու: Բայց այնպես որ, որևէ մեկը երաշխիք տա, որ աշխարհում որևէ հեղափոխական ասի՝ մենք սկսում ենք ու հաղթելու ենք … տեսականորեն, այո՛, վստահ եմ, որ եթե հայ ազգը չի մեռելու, ուրեմն միակ ճանապարհն այն է, որ մի օր հեղափոխությունը հաղթելու է, դրա համար չի մեռնելու: Հաղափոխությունը միայն իշխանափոխություն չէ, հեղափոխությունը արժեքների փոփոխություն է, աշխարհայացքի ու արժեքների փոփոխություն է: Սա անհրաժեշտ է, թե չէ հայ ազգը կմեռնի: Ու պետական ստրուկտուրան չոչնչացնի, ինքը կփլվի, կմարի, օրինակ՝ Հռոմը թշնամու ձեռքով չի կործանվել, այն հեղափոխության կարիք է ունեցել, չի կարողացել այդ վերաարժևորումն անել, արժեքների գնահատումը, այսինքն՝ հեղափոխությունը: Վերջին 2000 տարում մի քանի հազար ժողովուրդներ են վերացել, հարյուրավոր ու տասնյակ պետություններ, հզոր, որովհետև ունակ չեն եղել ներսից ոչ թե բարեփոխվել, այլ հեղափոխվել։ Հիմա ուզում եմ ասել, որ չկա որևէ հեղափոխություն հաղթած, որ իրենք հարյուր տոկոսով վստահ են եղել, որ հաղթելու են, բայց հավատացել են, որ միակ փրկությունը դա է, այդ հավատը բերել է հաղթանակի: Այդ հավատը իսկապես միշտ բերում է հաղթանակի: Ես անձամբ հավատում եմ դրան, դրա համար հավատում եմ նաև հնարավոր հաղթանակին, բայց քանի որ ես Սասունցի Դավիթը չեմ, ոչ էլ Տորք Անգեղը ես չեմ կարող… եթե իմանամ, որ աշխարհում եղել է մի երկիր, որտեղ մի հոգի ժողովրդին փրկել է, ես վստահ կասեի, որ ես եմ, բայց ոչ մի տեղ չկա, դա մենակ լեգենդներում է եղել՝ Տորք անգեղն ու Սասունցի Դավիթը: Ես էլ ո՛չ Տորք Անգեղն եմ, ո՛չ էլ Սասունցի Դավիթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ