Որոշ բաներ ինքն իրան անհայտանալու ու կորչելու հատկություն ունեն: Օրինակ. կաթնատամները, փողերը, բջջայինը, հեռուստացույցի հեռակառավարման վահանակը... Իսկ այլ բաներից ձերբազատվելու համար որոշակի ջանք է պետք գործադրել, ուստի այս անգամ Ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես ձերբազատվել վնասակար սովորություններից:

Մասնագետները վնասակար սովորություններով մարդկանց երկու պայմանական դասակարգերի են բաժանում՝ էսկապիստներ և լրացնողներ: Էսկապիստները վնասակար սովորությունների միջոցով փախչում են իրենց առջև ծառացած խնդիրներից, իսկ լրացնողներն այդ սովորություններով լրացնում են երջանկության պակասը: Մի խոսքով, կարևոր չէ, թե դու որ տիպին ես պատկանում, եթե ուզում ես ձերբազատվել այս սովորություններից, հետևիր այս պարզ խորհուրդներին:
1. Առաջին հերթին, գրի առ, թե ինչ իրավիճակներում են գալիս այդ վնասակար սովորությունները: Գրի առնելիս դու հաստատ ի վիճակի կլինես բացահայտելու քո մեջ այն «կոճակները», որոնցով միանում են վնասակար սովորությունները: Բացի դրանից, առարկայացնելով խնդրահարույց իրավիճակները, հնարավոր կլինի խուսափել դրանցից և այդ կերպ՝ խուսափել նաև դրանց կողմից հարուցվող վնասակար սովորություններից:
2. Փորձիր փոխարինել վնասակար սովորությունը դրականով: Օրինակ, երբ ուզենաս գարեջուր խմել, քեզ համար կանաչ թեյ պատրաստիր ու խմիր:
3. Միրառիր «պատիժների» համակարգ: Եթե այնուամենայնիվ չես կարողացել դիմակայել գայթակղությանը ու արել ես վնասակար սովորությունդ, ապա ընտրիր ինչ որ ձանձրալի և ոչ դուրեկան գործողություն և ամեն անգամ, երբ ձախողես պայաքարումդ, արա դա: Երբ սովորության համաձայն ինչ որ բան անելուն հետևում է դժբախտության զգացողություն, ապա ուղեղդ արագ հրաժարվում է դրանից:
4. Վերջապես, եթե քո սովորությունները մեխանիկական բնույթի են (օրինակ՝ քիթ քչփորելը), դա նշանակում է, որ քո օրգանիզմը շարժումների կարիք ունի: Փորձրի ծանրաբեռնել քո մարմինը ֆիզիկական վարժանքներով և այդ քո սովորությունները արագ կկորչեն:
Եթե այս խորհուրդներն էլ չօգնեն, ապա դիմիր նյարդաբանի կամ հոգեբանի օգնությանը, բայց նայի, որ դա էլ սովորություն չդառնա :)



