Շատ հաճախ, երբ խոսք է գնում բանակի մասին, կարևոր չէ սահմանային միջադեպերի, դիվերսիոն գործողությունների, թե միջանձնային խնդիրների համատեքստում, հարցը հիմնականում մակերեսային մակարդակում մեկ-երկու օր քննարկվելուց հետո, մոռացվում է:
Հայկական բանակն այլ երկրների բանակներից տարբերվում է հենց միայն նրանով, որ 2 տասնամյակից ավելի է, բառի բուն իմաստով, «գտնվում է խրամատում»: Բանակ, որտեղ զինծառայողները պետական սահմանի մարտական պահպանություն են իրականացնում նույնիսկ 3000 ու ավելի մետր բարձրության վրա:
Երբ որևէ զորամասում կամ սահմանագծում միջադեպ է գրանցվում, բոլորս շտապում են քննադատել տեղի ունեցածն ու փորձում գտնել այն «անպատասխանատու» զինծառայողներին, ում պատճառով էլ տեղի է ունեցել միջադեպը՝ մոռանալով, որ նույն բանակում ծառայություն են կրում նվիրյալներ, որոնց իրականացրած մարտական խնդիրների մասին իմանում ենք տարիներ, միգուցե տասնամյակներ հետո:
Ի տարբերություն մեր արևելյան հարևանի, մեր երկրում զինծառայողը մեծագույն արժեք է ու պետությունը և՛ ֆինանսական, և՛ բարոյական առումով այնպիսի պայմաններ պետք է ապահովի զինծառայողի համար, որի դեպքում անձնական նվիրվածությունն ու հայրենասիրությունը զուգորդվի զինծառայողների ու նրանց ընտանիքների բարեկեցությամբ:
Հաճախ այցելություններ կատարելով հատկապես սահմանամերձ զորամասեր և մարտական դիրքեր՝ համոզվում ես, որ այն մարտական խնդիրը, որը լուծվում է մեր զինծառայողների կողմից, ոչ թե բարձր վարձատրության կամ բարեկեցության, այլ զինծառայողների բացառիկ նվիրվածության ու բարձր գիտակցության մակարդակի հաշվին է:
Հարավային Կովկասի պես անկայուն տարածաշրջանում գտնվելով՝ հայկական բանակը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել խաղաղություն և լինել մեր քաղաքացիների անվտանգության միակ երաշխավորը: Իսկ դա նշանակում է, որ մեզ համար ազգային արժեք դարձած բանակը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում, իսկ պետությունն ամեն ինչ պետք է անի զինծառայողների ու նրանց ընտանիքներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու համար:
2014 թվականի բյուջեով նախատեսված է բարձրացնել նաև զինծառայողների աշխատավարձը, ինչը որոշակի խնդիրներ, իհարկե, կլուծի, սակայն միաժամանակ պետք է փաստենք, որ դեռ հեռու ենք այն կետից, երբ զինծառայողներին հնարավոր կլինի ապահովել իրենց կատարած գործին համարժեք վարձատրությամբ:
Զինծառայողի կողմից մարտական խնդրի իրականացումը չափելի չէ՝ անհրաժեշտ վարձատրությամբ ապահովելու համար, սակայն միանշանակ է, որ զինծառայողը ոչ միայն արժանավայել վարձատրության կարիք ունի, այլև հասարակության բարոյական վերաբերմունքի:



