Lragir.am-ը գրում է.

Կոմպոզիտորների և երաժշտագետների համագումարը օրակարգ չի ունենում, նրանց համագումարը չի սկսվում ու ավարտվում: Նրանք առաջնորդվում են Ռիխարդ Վագների սկզբունքով: Համագումարը հեռվից աղմուկով գալիս է, մոտենում, միմյանց մերձեցնում, ջերմացնում ու հեռանում:

Քննարկվում է Ռոբերտ Ամիրխանյանի «Գահակալության» քսաներկուամյա գործունեությունը: Գոհունակոթյուն ու դժգոհություն, դրվատանք ու պարսավանք: Հետո հայտնվում է իրավաբան, փորձում միջամտել, չգիտակցելով, որ արվեստագետները չեն առաջնորդվում «գռեհիկ մատերիալիզմի օրենքներով», դրանք մարդիկ են, որոնք զգում են նույն կերպ և ամենևին նույն կերպ մտածելու կարիքը չունեն: Վերջինս հեռանում է գիտակցելով, որ ինչը վայել է կեսարներին, հասու չէ փաստաբաններին: (Бывает). Լսում, լսում ու հանկարծ հիշում ես կրեմլի բարձրաստիճան կուսակցական այրի հարցը ուղղված «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ռեժիսորին`“Не слишком ли положительно выглядит этот ваш отрицательный герой?”. Հետո էլի` հարցեր, պատասխաններ, Էդվարդ Միրզոյանի անվամբ Դիլիջանի ստեղծագործական տունը կոչելու քննարկումներ:

Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով կառաջնորդվեն միության անդամները, հետխորհրդային քսանամյա լռությունից հետո, նախագահ ընտրելիս…

Ընտրությունը կատարված է. 41 ձայն` Ռ. Ամիրխանյան և 43 ձայն` Ա. Սաթյան: Մի փոքր պակաս կեսից (ունեցածի պահապաններ) և մի փոքր ավել կեսից (նորի համար ճանապարհ հարթողներ): Ցանկալի արդյունք` կշռադատված որոշումներ կայացնելու համար բացառիկ համադրություն:

Համագումարի հաջորդ անակնկալը երկու «մանուկների» (Ռոբերտ Ամիրխանյանի և Մարտին Վարդազարյանի) ողջագուրումն էր: Մարդիկ, որոնք միմյանցից խռով մնալը գերադասել էին կեղծ ժպիտներից: Վերապրեցի 40 տարվա վաղեմության զգացողություն, երբ կարդում էի Շոպենհաուերի ու Գյոթեյի նամակագրությունը. ինչպիսի փոխադարձ հարգանք, որքան պատկառանք, ինչ բարեկրթություն: Երջանիկ եմ, որ այդ ամենը կա նաև մեր հասարակության մեջ:

Ստեղծագործողի մտածելակերպի մեջ ալթրուիզմն ու պրագմատիզմը համատեղելու անհրաժեշտության գիտակցմանն ու ձևավորմանը նպաստեց նախագահի գործունեության քսաներկուամյա դանդաղընթացը:

Նոր ժամանակ նոր մարտահրավերներ, հինը չի գործում, նորը չգիտես: Երբ չես հասկանում, թե ինչ է հարկավոր անել` փորձիր հասկանալ, թե ինչը հարկավոր չէ անել: Իրատեսական ընտրություն ստեղծագործական միությունը չկորցնելու համար: Երբ պետական բոլոր ինստիտուտները գործում են տկար, մեկ առանձին կառույցի առաջընթացը բացառված է: Հաջորդ քայլը նոր նախագահինն է: Կառավարման խնդիրներն են` ուսումնասիրել համաշխարային փորձը և ինքնուրույն ստեղծել սեփականը:

Պ-ն Սաթյան, Ձեզ և միության անդամներին դժվարություններ են սպասում, բայց հայ երաժշտասեր հասարակությունը ձեզ հետ է, շարունակում է սիրել ու հպարտանալ ձեզանով: Այս անգամ կհաջողվի, ձեզ`արարողներիդ դարձնել մի փոքր պրագմատիկ, որպեսզի իմանաք ոչ միայն ձեր ստեղծագործությունների արժեքը, այլ նաև սեփական անձի գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել