Lragir.am-ը գրում է.
Հաջորդ տարի նախատեսվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանը 13 մլն եվրո չկապակցված դրամաշնորհ կստանա: Այդ թվում՝ 6 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման համար: Այս թվերը կառավարությունը ներառել է 2014 թվականի պետական բյուջեի նախագծում: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Եվրահանձնաժողովի դրամաշնորհներով նախատեսվում է շարունակել պետական կառավարման բարելավման, պետական գնումների ոլորտի կարգավորման և օրենսդրության բարելավման, պետական ֆինանսների կառավարման, պետական հատվածի թափանցիկության բարելավման ուղղությամբ աշխատնքները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքվեց՝ ինչո՞ւ է կառավարությունն այդքան վստահ, որ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը կշարունակի դրամաշնորհներ տրամադրել Հայաստանին: «Ձեր՝ Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո եղե՞լ է խոսակցություն Եվրոպական կողմի հետ, տալո՞ւ են այդ գումարները»,- հարցրեց պատգամավորը:
«Այսօրվա դրությամբ, այո, մենք ավելի շատ վստահություն ունենք, որ լինելու են, քան թե որ չեն լինելու: Բոլորի մոտ էլ կասկածներ կան, բայց կարծում եմ այդ կասկածները չեն հասունացել, որ մենք բյուջեի նախագծից հանենք այդ դրամաշնորհները»,- պատասխանեց ֆինանսների փոխնախարարը: