Aysor.am-ը գրում է.

«Թուրքիան չկարողացավ զինված խմբավորումներին զինելով ու աջակցելով հաղթանակի հասնել Սիրիայում՝ Բաշար Ասադի կառավարության նկատմամբ, փոխարենը՝ ստացավ արդեն ձևավորվող քրդական ինքնավարություն՝ Սիրիայի հյուսիս-արևելքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին, ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա դիտարկմամբ՝ վերոնշյալ իրողությունը հաշվի առնելով՝ Թուրքիան փոխեց իր քաղաքականությունը և ըստ շրջանառվող տվյալների՝ փորձում է օգտագործել իր կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումներին նաև քրդերի դեմ պայքարում: Թուրքագետը համոզմունք հայտնեց, որ քրդաբնակ շրջաններում քիմիական զենքի կիրառումը պատահական չէր և հավանական համարեց, որ այդ զենքը Թուրքիայի տարածքից ներմուծվել է և փոխանցվել զինյալներին:

Բանախոսը փաստեց, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների առումով որոշակիորեն սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները:

«Ամերիկյան ղեկավարությունը զգուշացրել է Թուրքիային, որ Սիրիայում աջակցություն ստացող խմբավորումները Ալ-Քաիդային պատկանող խմբավորումներ են, և փաստորեն Թուրքիան աջակցում է Ալ-Քաիդային, որ վերջինս Սիրիան դարձնի իր գործունեության հիմնական կենտրոնը: ԱՄՆ-ն մտահոգված է, որ դա կարող է ուղղվել Արևմուտքի դեմ»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության առաջացման գործոններից թուրքագետը նշեց նաև հակաօդային պաշտպանության համակարգերը Չինաստանից գնելու Թուրքիայի որոշումը, ինչը նշանակում է, որ Թուրքիան հրաժարվում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից գնել նման սպառազինություն: Բացի այդ, բանախոսի խոսքով, թուրքական իշխանությունները Իրանում իսրայելական Մոսադի վերաբերյալ հետախուզական տվյալները փոխանցել է Իրանի ղեկավարությանը, ինչի առնչությամբ Իսրայելում Թուրքիան անվանվեց դավաճան:

«Թուրքիան փորձում է ավելի խորացնել իր ինքնուրույն խաղը Մերձավոր Արևելքում, ինչը գնալով ավելի մեծ դժգոհություններ է առաջացնում Միացյալ Նահանգներում և Իսրայելում»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել