Lragir.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա արտագնա նիստում, որը տեղի կունենա Գեղարքունիքի մարզում, նախատեսում է փոփոխություններ կատարել նոր ՀԴՄ-ների տեղադրման որոշման մեջ: Մասնավորապես, նախատեսվում է թույլատրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին՝ 2012 թվականի արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Նախատեսվում է թույլատրել 2012 թվականի արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ:
Կառավարության պաշտոնական հիմնավորումը հետևյալն է. «Որոշման ընդունումը պայմանավորված է 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար հuկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման ավելի ցածր գներ սահմանելու անհրաժեշտությամբ»: Կառավարությունը նախատեսում է նաև մեկ ամսով երկարաձգել ՀԴՄ-ների տեղադրման ժամկետները:
Հիշեցնենք, որ, ըստ կառավարության նախորդ որոշման, երկրորդ փուլում գործարարները նոր ՀԴՄ-ները պետք է տեղադրած լինեին այս տարվա նոյեմբերի 1-ից: Սա բողոքի ալիք էր բարձրացրել, մի խումբ գործարարներ դժգոհում են, որ իրենց ամենևին էլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ չեն, սակայն իրենց պարտադրում են ձեռք բերել ՀԴՄ-ները թանկ գներով: Հիշեցնենք, որ կառավարությունը դրանց համար սահմանել էր 370 հազար դրամ գին: