ՀՀ ոստիկանությունն արձագանքել է այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածների հրապարակումներին, թե, իբր, «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։

«Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։

ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները, իսկ որոշ խնդրահարույց դեպքերով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվում են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ։

Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ դեպքերում նաև ծիծաղելի տեղեկություններ, ուղղորդվում է որոշ շրջանակների կողմից և նպատակ ունի ոչ միայն պառակտում մտցնել ոստիկանական շարքերում, այլև թիրախավորել և վարկաբեկել ՆԳՆ պաշտոնյային։

Կոչ ենք անում՝ կեղծիք տարածելով չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ»,- ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել