168.am-ը գրում է.

Մինչ Երևանում ու Տավուշում տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի միջև փոխվարչապետների մակարդակով ստորագրվել է արձանագրություն։

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Կիրանցում իրավիճակն ավելի լարված է, բնակիչները, ճանապարհներ փակելով, փորձում են իրենց բողոքի ձայնը հասցնել իշխանություններին, որպեսզի չհանձնեն հայկական տարածքներ, որի արդյունքում իրենց տների մի մասն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։

168.am-ը Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է գյուղում այս պահին, սահմանազատման արդյունքում արդյո՞ք Ադրբեջանը կվերադարձնի Բերքաբերից զավթած վարելահողերը։
Բերքաբերի գյուղապետն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում՝ բոլորին էլ հայտնի է։

«Շատ լավ գիտեք՝ հիմա ինչ է կատարվում, ես էլ ի՞նչ ասեմ։ Կարող եք գալ ու տեղում ամեն ինչ արձանագրել, այս պահին հեռախոսով այլ հարցերի չեմ պատասխանի»,- նշեց Բերքաբերի գյուղապետը։

Հարցին՝ վարելահողերը Բերքաբերին վերադարձնելու հույս կա՞, Տիգրան Հարությունյանը երկար դադարից հետո պատասխանեց՝ կա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բերքաբերի գյուղապետը 168.am-ին ասել էր.

«Մեր գյուղին հարակից գյուղն ադրբեջանական Կիզիլ Հաջիլին է։ Մենք ունենք տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ՝ մոտ 850 հեկտար վարելահող ու արոտավայր է։

Կիզիլ Հաջիլին այս պահին գտնվում է չեզոք հատվածում, մենք էլ մուտք չունենք, ադրբեջանցի զինվորականները որոշակիորեն մուտք ունեն։ Գյուղի հատվածից այն որոշակի հեռավորություն ունի, բայց կրկին սահմանը մեծանում է։ Այնպես չէ, որ գյուղը շահեկան վիճակում է հայտնվում, այն տարածքները, որոնք Ադրբեջանի մոտ են, վերադարձնեն մեզ, գյուղն իրականում կունենա 850 հեկտար ավելի շատ հողատարածք, գյուղը շահեկան վիճակում կլինի այդ դեպքում»։

Փորձեցինք նաև Բաղանիս և Ոսկեպար գյուղերի ղեկավարներից հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է այնտեղ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել