«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։

- Պարոն Բագրատյան, երեկ տեղեկացանք, որ սահմանազատման հարցերով ՀՀ եւ Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ուշ ժամի նոր արձանագրություն են ստորագրել, ըստ որի՝ «Բաղանիս, Բաղանիս-Այրում, Ոսկեպար, Աշաղը Ասկիպարա, Կիրանց, Խեյրեմլի, Բերքաբեր, Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզների հիման վրա», եւ այդ հատվածները համարվում են դելիմիտացված։ Ի՞նչ է սա նշանակում:

- Դա նշանակում է, որ մենք այդտեղ հսկայական տարածք ենք տալիս։ 1976 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը վատագույն տարբերակն է, որովհետեւ ԶՈւ քարտեզում կարող են չնշվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, կարող են նշվել այնպիսի սահմաններ, որոնք հարմար են զինված ուժերի կարողությունների տեղաբաշխման համար։ Եթե առաջնորդվում էին ԶՈւ քարտեզներով, ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել էր, որ 1926թ. քարտեզով առաջնորդվեն։ Զինված ուժերին կարող է նպատակահարմար լինել պատերազմական իրավիճակում մի քանի գյուղերի մատակարարումն իրականացնել, ասենք, ադրբեջանական կողմից։ Հետեւաբար, դա մեզ ձեռնտու չէ։ Այդ հատվածում մենք խնդիր չունեինք` մենք ունենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը, որը Մամեդովի եւ Մովսիսյանի գրչով ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինչո՞ւ այս քարտեզներով չեն առաջնորդվել։ Այսինքն, եթե առաջնորդվում են 1976 թվականի քարտեզով, նշանակում է` մաքսիմալ զիջումների են գնում, որովհետեւ այդ քարտեզն ամենահարմարն է եղել Ադրբեջանին։ Ավելին, ինչպես հասկանում եմ, այդ քարտեզով էլ մինչեւ վերջ չեն արել։ Կիրանցի հատվածում փորձել են օնլայն քարտեզներով առաջնորդվել, իսկ կա մեկ օնլայն քարտեզ, ինչպես ասում է Մհեր Գրիգորյանը, դա Google maps-ն է։

- Այո, նշվում է, որ Կիրանցի 3 կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով։

- Հիմա հարց է ծագում` Google maps-ն ինչի՞ հիման վրա է գծել այդ քարտեզը։ Ես Ձեզ պարզ պատասխանում եմ` ադրբեջանական կաշառքների հիման վրա։ Այդ ո՞նց եղավ, որ Google maps-ը, որը քարտեզների հարցում պետք է հենվի երկու երկրների համաձայնության վրա, չի հենվել, այլ խանգարել է։ Դա պրոադրբեջանական, հակահայկական կազմակերպություն է։ Նշեմ նաեւ, որ նույնիսկ Google maps-ով Կիրանց գյուղի փոքրիկ հատվածին է վերաբերում այդ, այսպես կոչված, սահմանազատումը։ Իրականում իրենք հանձնում են դրանից ավելի շատ։ Կոնկրետ Կիրանց գյուղը երբեք ադրբեջանական չի եղել։ Կիրանց գյուղի մի զգալի մասը տրվում է թշնամուն։

- Տեղեկություն կա, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել՝ ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր ահազանգել։ Այսինքն՝ Փաշինյանը ճանապարհն էլ է հանձնում թշնամուն։

- Այո, հենց այդ եմ ասում` Կիրանցի հատվածում մենք ադրբեջանական ճանապարհ չենք ունեցել, բայց Google maps-ը գտել է, ու հիմա դրանից էլ շատ են տալիս։ Սրան հաջորդելու է Կիրանցի, Ոսկեպարի ու Բաղանիսի հետեւի անկլավների հանձնումը։ Հավանաբար այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվականի քարտեզով, գնացել է Google maps-ով։ Հիմա արդեն Կիրանց կարող ենք գնալ Վանաձորով ու Բագրատաշենով։ Կիրանցեցիք պիտի մոռանան Իջեւանի ճամփան։ Իսկ անկլավը հանձնելուց հետո Կիրանց ու Ոսկեպար կարող ենք գնալ ուղղաթիռով կամ օդապարիկով։ 

- Նշվում է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանապահներն են տեղակայվելու իբրեւ թե դելիմիտացված հատվածում։

- Գյուղի մեջ տանելու են, սահմանապա՞հ դնեն։ Եթե ռազմական քարտեզն ընդունելի էր, ինչո՞ւ չգնացին 1926 թվականի քարտեզով (Պուտինն էր առաջարկել)։
Այն ժամանակ Հայաստանում խորհրդային 7-րդ բանակն էր, Ադրբեջանում` 3-րդ։ Տեղեր կան, որտեղ հարյուրավոր ք/կմ-ներ 7-րդ բանակի պաշտպանության տակ էին, օրինակ, Նախիջեւանը, հիմա սահմանազատենք ու ասենք` մեզ տվե՞ք։ Կիրանցը մի վարչական ղեկավար ուներ, ասում էր` մենք ենք տարածք ստանում, հիմա ի՞նչ է ասելու։

- Եթե արդեն կա ստորագրված արձանագրություն, ստացվում է` անշրջելի՞ է գործընթացը։

- Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է։ Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրը պետական դավաճանության մեղադրանքով մի 15-20 տարի պիտի նստի։ 

ՀԳ․ Մենք հետաքրքրվեցինք, թե ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն ինչ կապ ունի այս գործընթացի հետ: Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ դեռ 2021թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՔՊ-ական Արման Եղոյանը լրագրողներին ասել էր. «Կան մի շարք ռազմական քարտեզներ, որոնց մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր մակարդակում` կոլխոզների մակարդակում, եւ որ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է, որն առաջարկվել է իրավիճակը կայունացնելու համար»։ Այսինքն, Եղոյանը դեռ 2021-ին տեղյակ էր այս մասին եւ մասնակից էր այս գործընթացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել