Լիտվայի արտաքին գործերի նախարար (ԱԳ) Գաբրիելիուս Լանդսբերգիսն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությանը, թե ԵՄ բոլոր ԱԳ նախարարները համակարծիք են Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի ողջամտության հարցում։

Լանդսբերգիսը X սոցիալական ցանցում հերքել է Պապուաշվիլիի հայտարարությունը. «Հարկ եմ համարում պարզաբանել, որ մենք համաձայն չենք,թե Վրաստանը ճիշտ արեց՝ անտեսելով եվրոպական խորհուրդներն ու արժեքները։ Մենք արտահայտեցինք չափազանց ուժեղ տեսակետներ, այլ ոչ թե «որոշակի մտահոգություններ»:

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահնկան նշել է, որ իրենք համաձայնության չեն եկել նման հարցի շուրջ, և ինքը հակառակ ուղերձն ունի՝ «Վրաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում»։

Ի դեպ, Վրաստանում են Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտգործնախարարները։ Նրանք հանդիպել են խորհրդարանի նախագահ Շալվաա Պապուաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաներից էր մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել