Երեք կետերում սահմանազատման գործընթացը սառեցվել է, որպեսզի բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատվեն։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։

«Սահմանազատման հիմքում կա քարտեզ, բայց չգիտեմ ո՞ր թվականի, երբ գա ժամանակը, կհանրայնացվի”,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում բողոքի ակցիաներին և կմիանա՞ արդյոք իմփիչմենթի գործընթացին, Ղալումյանն ասաց․

«Բացարձակապես՝ ոչ, զարմանում եմ, որ ադ հարցը ձեզ մոտ առաջացել է, իմփիչմենթի օրակարգ չկա։ Դրա մասին է խոսում այն, որ հանրահավաքների մարդաշատությունը պիկից սկսեց պակասել։

Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։ Այդ մարդիկ առաջին օրը եկել էին, որ հրապարակում սահմանագծման ու սահմանազատման մասին տեղեկություն իմանային, բայց այդ բառը հարթակում նույնիսկ չհնչեց։ Սա պատրվակ էր իշխանությանը անվստահություն հայտնելու համար, որը ՀՀ քաղաքացիների համար օրակարգային հարց չէ»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է սուրճ խմել շարժման անդամների հետ, ինչպես առաջարկել էր Բագրատ Սրբազանը, Ղալումյանն ասաց․

«Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են։ Բագրատ Սրբազանը իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվի քաղաքականությամբ ու իմ կարծիքով անհաջող մեկնարկ է արել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել