Վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի կողմից այցելելու վերաբերյալ սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը.հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Արմեն Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ և ստացել տեղեկատվություն վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ:

Հանդիպում է տեղի ունեցել նաև բերման ենթարկված անձանց տեղում իրավաբանական աջակցություն տրամադրող փաստաբանի հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել