Երկակի ստանդարտների կիրառման շեմի՞ն, թե՞...


15:18 , 25 սեպտեմբեր, 2013
ՄԻԱԿ քարտուղար

Վերջին շաբաթների ընթացքում եվրոպացի տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից հնչում են հայտարարություններ կամ արվում ակնարկներ, որոնց հանրագումարային իմաստը հետևյալն է. "Հայաստանը ընտրելով Մաքսային միությանը միանալու ճանապարհը, ըստ էության, կորցնում է Եվրոպայի մասը դառնալու շանսը": Իրականում` բոլոր այս հայտարարությունները բավականին էմոցիոնալ և իրավիճակային են, քանի որ դրանց հիմնական շեշտադրումներում, գրեթե բացակայում են երկարաժամկետ հեռանկարում ինտեգրացիոն գործընթացների շարունակման հնարավորությունները: Այնպիսի տպավորություն է, որ հենց այս պահն էր վճռորոշ` Հայաստանի եվրոինտեգրման տեսանկյունից, և սկզբունքորեն բացառվում է, որ մեկ-երկու տարի հետո գործընթացներն ավելի ինտենսիվանան և որակապես նոր հարթություն տեղափոխվեն: Այս իրավիճակային մոտեցումը, ինքնին խոցելի է, քանի որ ոչ հեռու ապագայում կարող է անհարմար դրության մեջ դնել հենց իրենց` եվրոպացի պաշտոնյաներին: Այս առումով խիստ հետաքրքրական է, թե նրանք ինչպես են արձագանքելու, ասենք Ուկրաինայի` ՄՄ մտնելու հնարավոր քաղաքական որոշմանը (ի դեպ այս մասին թափանցիկ ակնարկ Ուկրաինայի վարչապետն արդեն արել է, երբ խոսել է այն մասին, որ Ուկրաինան սխալ է համարում երկրին միայն մեկ ինտեգրացիոն վեկտոր պարտադրելը): Այս դեպքում էլ են մեր եվրոպացի ընկերները հայտարարելու, որ "և-և"-ն անհամատեղելի է, թե ինչ-որ լղոզված արդարացումներով փորձելու են "չկորցնել" Ուկրաինան: