Հեռու ես


14:34 , 22 սեպտեմբեր, 2013

...Նոր օրվա հետ արթնանում են նախկին տարիները…վերածված օրերի, ժամերի… 
Ամեն նորն արտացոլում է հին, անցած, մոռացված մտքերի, երազների պատկերները: Ամեն նոր օրվա մեջ կա լույս՝ անցյալից. կա հույս, որ այդ լույսը մի օր կխամրի:
 Նոր մարդ, նոր զգացմունք, որը ժպտալով    սպառնում է սպանել մինչ այդ եղած ցավն ու  խավարը: Շոյելով սպառնում է դառնալ այն  լույսը, որը կդադարի համեմատվել անցյալի  հետ և կսփռվի ժամանակին համաչափ: Նոր  մարդիկ չեն շտապում:
 Սիրտս բաբախում է, հասկանալով, որ ամեն  ինչ դառնում է աներևույթ և թեթև, թեթև… Ինձ  թվում է, թե կարող եմ դիպչել իմ ստեղծած  երազանքին, համբուրել նրան, պատմել իմ  մասին, լսել ձայնը…
Մի օր, մի նոր օր հասկանում եմ, որ ամեն ինչ  սխալ է եղել. մինչ այս պահը…
Աչքերս փակում եմ և քեզ հետ միասին  մոռանում ուրիշ մարդկանց, ինձ տանջող  մտքերը, անցյալը, ձեռագիրս.. Փոխում եմ  տիեզերքի կենտրոնը և դառնում  բազմահազար աստղերից ամենապայծառը՝  քեզ համար:
Բայց դու այնքան հեռու ես:
Նայում ես ինձ հեռվից, ժպտում , հետևում ձեռքերիս շարժումներին, հասկանում ամեն շունչս ու մտքումդ մեղադրում ինձ ավելորդ ռոմանտիկ լինելու մեջ…
Դու չես ուզում մոտենալ, իսկ ես շարունակում եմ համառորեն ջնջել անցյալի հետքերը….