Մեր անկախությունը գերի է


09:30 , 18 սեպտեմբեր, 2013

Անկախությունը... ՀՀ անկախությունը դա այն է, որ հարյուրավոր մարդասպաններ փողոցում քայլում են, ճոխ խնջույքների ժամանակ էլ ճամարտակում. «Սրանք ով են, որ մեզ բռնեն»:

Սա է Հայաստանի անկախությունը: Սա է մեր անկախությունը, որտեղ դեռևս չհաստատված մեղադրանքով պայքարի դուրս եկած երիտասարդը 2 տարուց ավել է բանտում է, իսկ 19 տարեկան մարդասպանն ու ՀՀ ԶՈՒ գնդապետին, այսինքն անկախության սյուներից մեկին ծանր վնասվածք տվողը ազատության մեջ է:

Սա է մեր անկախությունը, որտեղ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ չկա արդարադատություն, իսկ օրենքները գրվում են իշխանների՝ ռամիկներին թալանելու համար:

Անկախություն բառը անկախության երկրում ապրողների համար խորթ է դարձել: Անկախության ղեկավարները հարստահարում են, լկտիաբար ճոխ-ճոծ խնջույքներ են անում... Իսկ անկախության բնակիչները կամ մեռնում են, կամ գնում ուրիշների անկախության մեջ ապրելու:

Ինչպես ընկերս էր գրել Սահմանադրության մասին, որը հիշեցնեմ, որբ է ծնվել, ես էլ կասեմ, մեր անկախությունը որբ է, ավելի ճիշտ խորթ ծնողներ ունի, ավելի ճիշտ ոչ խորթ ծնողներ ունի, ոչ էլ որբ է, մեր անկախությունը գերի է...

Ինչքան նվաստացուցիչ է, երբ մարդ խոսում է անկախության մասին, նրան անվանելով՝ գերի, որբ ու խորթ ծնողներ ունեցող խելոք զավակներ...

Վերջապես հենց այդ գերության մեջ է, որ մեր անկախությունը խլեց մեր անկախության բնակիչների ժպիտն ու դաջեց մռայլությունը....