Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար


11:13 , 16 ապրիլ, 2024

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։

Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր», - նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։